«ԿԱՐԵՎՈՐ Է ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑԱԾ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ». ԱՍՊՐԱՄ ԿՐՊԵՅԱՆ

30.03

2015

11106322 629966297135412 181595020 n11082981 629966283802080 459813942 n

Մարտի 28-ին ԵՊՀ նախաձեռնությամբ Արցախի մայր բուհում կազմակերպվել էր ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-ամյակին նվիրված սեմինար, որին մասնակցում էին ԵՊՀ պատվիրակությունը` պատմության ֆակուլտետի դեկան,  պ.գ.դ., պրոֆեսոր Էդիկ Մինասյանի գլխավորությամբ:

Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ պրոռեկտորներ, ԱրՊՀ և ԵՊՀ ՈՒԽ և ՈՒԳԸ նախագահները,  Թ. Կրպեյանի դուստրը` Ասպրամը, երկու համալսարանների դասախոսներ և ուսանողներ, հյուրեր:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Է. Մինասյանի «Օղակ» օպերացիան և Թաթուլ Կրպեյանի գործունեությունը Արցախում» հիմնական զեկուցմամբ բացվեց «Արցախյան հիմնախնդրի պատմաիրավական և գրական անդրադարձները» խորագրով  սեմինարը: Բանախոսը ներկայացրեց «Օղակ» գործողության մանրամասներ` այդ համատեքստում ընդգծելով Թ. Կրպեյան հայրենասերին: «Եթե չլինեին Թաթուլները, չլինեին ազգային մյուս հերոսները, մենք հպարտորեն չէինք կարողանա արձանագրել մեր մեծագույն հաջողությունը` ազատագրված Արցախի անկախությունը, որ Տիգրան Մեծի հաղթանակներից հետո մեր ամենամեծ նվաճումն էր: Իսկ այդ նվաճումների հիմքն ու առանցքը Թ. Կրպեյանն և նրա նմաններն էին»,- նշեց պատմաբանը:

Հարակից մյուս ելույթներում ԱրՊՀ և ԵՊՀ մագիստրանտներն ու ասպիրանտները անդրադարձան Արցախի ժողովրդի ինքնորոշման, իրավունքի և տարածքային ամբողջականության սկզունքներին` արցախյան հիմնախնդրի համատեքստում, ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացների առանձնահատկություններին և գոյապայքարի գրական արձագանքներին: Զեկուցումներից հետո ծավալվեցին բուռն քննարկումներ, որոնք հաճախ վերածվում էին բանավեճի:

Միջոցառմանը ներկա Թ.Կրպեյանի դուստր Ա. Կրպեյանը, չնայած հորից կենդանի հիշողություններ չունի, այնուամենայնիվ մոր պատմածների շնորհիվ կարողացել է «հոգում կերտել հոր ամբողջական կերպարը» և նրա սխրագործությունները համարում է ոչ միայն իր, այլև` ամբողջ հայության ժառանգությունը. «Հայրս և նրա ընկերներն այն առաջամարտիկներից էին, ովքեր գիտակցեցին պահի կարևորությունը` Արցախը պաշտպանելու անհրաժեշտությունը: Դա ամենաթանկարժեք նվերն է, որ յուրաքանչյուրս կարող էր ստանալ երբևէ: Հետևաբար չափազանց կարևոր է ժառանգություն ստացած հիշողությունների պահպանումը: Դա առաջին հերթին մեզ`ապրողներիս է հարկավոր»:

Ամփոփելով սեմինարը` Է. Մինասյանը  այն բնութագրեց իբրև պատմության դաս` համոզված լինելով որ այդպիսիք առավել հաճախակի կկազմակերպվեն` միաժամանակ ամրապնդելով երկու հանրապետությունների մայր բուհերի համագործակցությունը:

ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով  պրոռեկտոր Վ. Յարամիշյանը ողջունեց նման ձևաչափով միջոցառումները և շնորհակալություն հայտնեց նախաձեռնողներին: «Նման միջոցառումները յուրօրինակ հիշեցում են այն մասին, որ հերոսությունը մեր ժողովրդի կենսակերպն է»,- նշեց պրոռեկտորը:

11106354 629966170468758 2077597691 n