Արցախի պետական համալսարան

9

Մարտի 29-ին ԵՊՀ նախաձեռնությամբ Քաշաթաղի շրջանում հիմնվեց հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված պուրակ, որից անմասն չմնաց նաև Արցախի մայր բուհը:

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ «100 ուսանող` 100 ծառ» խորագրով ծառատունկին մասնակցում էին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, ԿԳ նախարար Սլավա Ասրյանը, կառավարության ներկայացուցիչներ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, երկու բուհերի ստորաբաժանումների ղեկավարներ, ուսանողներ, հյուրեր:

Համալսարանականների այցելությունը, սակայն, չսահմանափակվեց միայն Իրանի Իսլամական Հանրապետությունից հատուկ պուրակի համար բերված 60 նոճիների և 40 եղևնիների տնկմամբ: Տեղի ունեցավ նաև 1915թ. զոհերի հիշատակին նվիրված հուշաքարի բացում:

«Արդեն ավանդույթ է, որ ԵՊՀ պատվիրակությունը տարվա մեջ երկու անգամ Արցախի տարբեր հատվածներում կազմակերպում է ծառատունկ: Այս անգամ ընտրվեց Քաշաթաղը: Այսօր ԵՊՀ նախաձեռնությամբ հիմնվում է ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող պուրակ և բացվում հուշաքար, որը կարևոր նախաձեռնություն է ինչպես ցեղասպանության 100-ամյա տարելիցի, այնպես էլ` ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի առումով»,- նշեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

ԵՊՀ ռեկտորն իր երախտագիտությունը հայտնեց Արցախի իշխանություններին ԵՊՀ բոլոր նախաձեռնություններին արձագանքելու և  սատարելու պատրաստակամության համար և հավաստիացրեց, որ այսուհետ ևս ջանք չեն խնայելու Արցախում բարին գործելու և արարելու ուղղությամբ:

Ծառատունկն ու հուշաքարը, ավանդույթի համաձայն, Լևոն-Զավեն Սյուրմելյանի բանաստեղծական տողերով օրհնեց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Գուրգեն Մելիքյանը:

Արևելագիտության ֆակուլտետի դեկանը հպարտ է, որ բախտ է վիճակվել Արցախ աշխարհում ներդրում ունենալ` այս անգամ հայրենի բնությունը զարդարելու ձևով. «Երջանիկ եմ, որ մասն եմ կազմում բնությունը հավերժ գեղեցիկ ու զարդարուն պահողների ջոկատի»:

1011