«ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ ՄԵՐ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՅՑԵՔԱՐՏՆ Է». Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

01.04

2015

Ապրիլի 1-ին ԱրՊՀ-ում «ԼՂՀ բնակավայրերի կանաչապատման վիճակը և բարելավման ուղիները» թեմայով կազմակերպվել էր գիտագործնական կոնֆերանս:

Կոնֆերանսին մասնակցում էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, մայրաքաղաքի համապատասխան կառույցների ներկայացուցիչներ, ուսանողներ, հյուրեր: Հատուկ հյուրի կարգավիճակով ներկա էր  գ.գ.դ., պրոֆեսոր Կառլեն  Քոչարյանը:

ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը, ներկայացնելով հյուրին, նշեց նրա գործունեության ամենատարբեր ոլորտները` ընդգծելով հատկապես վերջինիս ներդրումը Արցախի Հանրապետության բնակավայրերի կանաչապատման և գեղազարդման գործում: Ռեկտորը նաև շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Ս. Գրիգորյանին` կոնֆերանսին մասնակցելու և ԱրՊՀ-ում հանդիպում կազմակերպելու համար:

Ս. Գրիգորյանը ողջունեց նման կոնֆերանսների կազմակերպումն ու իրականացումը, քանի որ այն հնարավորություն է ընձեռում ծանոթանալու տեղական ներուժին և նրանց աշխատանքներն ուղղել ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Քաղաքապետի փաստմամբ ամեն տարի ապրիլ ամիսը հայտարարվում է մայրաքաղաքի բարեկարգման, սանմաքրման և ծառատունկի միամսյակ.

« Մայրաքաղաքը հանրապետության այցեքարտն է: Այս տարի ևս, առաջնորդվելով Կ. Քոչարյանի մասնագիտական խորհուրդներով, ձեռնամուխ ենք եղել մայրաքաղաքի բարեկարգման աշխատանքներին: Մասնավորապես, ծառատնկման աշխատանքներ ենք իրականացնում` հիմնվելով հենց գիտական փորձի վրա»:

Գ.գ.դ., պրոֆեսոր Կ. Քոչարյանը 2009 թվականից Արցախի Հանրապետության նախագահի հրավերով պարբերաբար այցելում է Արցախ, ուսումնասիրում տեղանքը, ռեսուրսները և մասնագիտական խորհրդատվություն իրականացնում կանաչապատման վերաբերյալ: Կոնֆերանսում պրոֆեսորը հանդես եկավ «Ստեփանակերտ քաղաքի կանաչապատման վիճակը և նրա բարելավման ուղիները» զեկուցմամբ, որը  ներկայացնում էր մայրաքաղաքի տարբեր հատվածներում կատարած նրա յոթ տարվա ուսումասիրությունների ամփոփ պատկերը:

Կանաչապատման և նրա սանիտարահիգիենիկ նշանակության, ԼՂՀ դեկորատիվ և պերոֆիտ բույսերի, դրանց հիվանդությունների և դեղագործական նշանակության մասին զեկույցներով հանդես եկան նաև ԱրՊՀ դասախոսներ և ուսանողներ:

 Կ. Քոչարյանը հաճելիորեն զարմացած էր համալսարանի մասնագետների և ուսանողների մասնագիտական պատրաստվածության և խորքային ուսումնասիրությունների վերաբերյալ և առաջարկեց իր հաջորդ` սեպտեմբերյան այցելության ժամանակ համապատասխան մասնագիտությունների ուսանողների և դասախոսների համամար նեղ մասնագիտական դասընթացներ կազմակերպել և հավաստագրեր հանձնել, ինչին ԱրՊՀ ռեկտորը հավանություն տվեց: