Արցախի պետական համալսարան

 Ապրիլի 8-ին ԱրՊՀ-ում տեղի ունեցավ հանրապետական միջբուհական ուսանողական գիտաժողով` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Գիտաժողովին ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը, պրոռեկտորներ Վ. Յարամիշյանը, Գ. Սահակյանը և Վ. Ավանեսյանը, պատմաքաղաքագիտական ֆակուլտետի ղեկավար կազմը, ուսանողներ:

Կարևորելով 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչման, դատապարտման և, իհարկե, հատուցման գործընթացըռեկտոր Մ. Մինասյանը բացման խոսքում շնորհակալություն հայտնեց ներկաներին գիտաժողովի հրավերն ընդունելու և մասնակցության համար. «Այդ ողբերգական իրադարձությունից անցել է ուղիղ 100 տարի, սակայն շարունակում է արյունահոսել հայ ժողովրդի չսպիացող վերքը և ահագնանում աշխարհով մեկ սփռված հայության պայքարի ոգին: Այսօրվա գիտաժողովն, իբրև ասվածի առհավատչյա, մայր բուհի` ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից մեկն է»:

Գիտաժողովի ընթացքում հնչած զեկուցումները 20-րդ դարի մեծագույն ոճրագործության` հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության գիտաքաղաքական հրատապ նշանակության համակողմանի լուսաբանումներ էին` արդիական հարցադրումների շեշտմամբ:

Բանախոսները խոսեցին Հայոց ցեղասպանության սոցիալական, քաղաքական, իրավական և կրոնական ասպեկտների, թուրքական ազգայնականության և ժխտողականության և այնպիսի հարցերի մասին, ինչպիսիք են ցեղասպանության ծրագրերն ու իրականացման ձևերը, պատճառներն ու դասերը, նյութական և ոչ նյութական կորուստները, արձագանքները տարբեր աղբյուրներում, այլընտրանքային կարծիքի ձևավորումը, էթնոկրոնական տարրերը և այլն: