Արցախի պետական համալսարան

meliqyan

Ապրիլի 10-ին ԱրՊՀ-ում հյուրընկալված ՀՀ Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը հանդիպել է իրավագիտություն բաժնի մի խումբ ուսանողների և դասախոսների հետ, հանդես եկել դասախոսությամբ:

Հանդիպմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը, պրոռեկտորներ Վ. Յարամիշյանը և Գ. Սահակյանը, տնտեսաիրավաբանական ֆակուլտետի դեկան Ռ. Մանգասարյանը, դասախոսներ, ուսանողներ, քննչական մարմինների ներկայացուցիչներ:

Նախքան հանդիպումը Ռ. Մելիքյանը մասնակցել է ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում կերպարվեստի ամբիոնի կողմից կազմակերպված ցուցահանդեսին:

ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը, բացելով հանդիպումը, ներկայացրեց Ռ. Մելիքյանի աշխատանքային գործունեությունը, ապա շնորհակալություն հայտնեց Արցախ կատարած այցելության հագեցած ժամանակացույցում ԱրՊՀ-ում հյուրընկալվելու համար: Ռեկտորը նշեց նաև, որ առանձնազրույցի ընթացքում խոսվել է երկու կառույցների համագործակցության մասին, հստակեցվել են որոշ մանրամասներ:

Ռ. Մելիքյանը Արցախը համեմատելով թագի ադամանդների հետ` համոզմունք հայտնեց, որ նրա կրթագիտական կենտրոնում գտնվելը պատիվ է նախևառաջ իր համար, քանի որ հնարավորություն ունի դասախոսությամբ հանդես գալու այն սերնդի առջև, որը ազատ Արցախը շենացնող սերունդը պիտի լինի, իսկ նման հանդիպումները խորքային նշանակություն ունեն այն առումով, որ «ոչ միայն գիտակցություն, այլ նաև ենթագիտակցություն են ձևավորում»:

Արդարադատության ակադեմիայի` ՀՀ իրավական համակարգում նոր կառույցի, գործառույթները ներկայացնելուց հետո Ռ. Մելիքյանը «Քրեական դատավարության արդի խնդիրները» թեմայով դասախոսությամբ անդրադարձավ նշյալ ոլորտում առկա խնդիրներին և քրեական նոր օրենսգրքի նախագծին:

Քրեական դատավարության արդի խնդիրներից ակադեմիայի ռեկտորը առանձնացրեց առավել ժողովրդավարական քրեական դատավարություն ունենալը: Հաջորդ միտումը, որին անդրադարձավ Ռ. Մելիքյանը, տեխնիկական միջոցների կիրառումն էր: Ըստ նրա, ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման խնդիր և կարիք կա: Այս համատեքստում նա առանձնացրեց հատկապես տեսակապի հնարավորությունների օգտագործումը` որոշակի երաշխիքներով:

Դասախոսությունից հետո ներկաների միջև ծավալվեց բանավեճ-քննարկում, որի առանցքում քրեական նոր օրենսգրքի նախագիծն էր: Ուսանողներին հետաքրքրում էին նախագծի այս կամ այն դրույթների և քրեական դատավարության ժամանակակից մեթոդների հետ կապված այնպիսի հարցեր, որոնք նորություն էին և կարող էին տարաձայնությունների տեղիք տալ:

Հանդիպման վերջում Ռ. Մելիքյանը ԱրՊՀ գրադարանին նվիրեց ակադեմիայի հեռաուսուցման վարչության կողմից մշակված տեսական ու գործնական նյութեր և դասախոսությունների ձայանագրություններ պարունակող փաթեթ, ակադեմիայի խորհրդանշանով հուշանվերներ, իսկ ուսանողներին պատգամեց տեսնել «ոչ միայն նժարը, այլև` կշեռքը»: