Արցախի պետական համալսարան

konf 5kon2

Ապրիլի 6-8-ը Խաչատուր Աբովյանի անվան hայկական պետական մանկավարժական համալսարանում կայացած միջազգային գիտաժողովին մասնակցում էր նաև ԱրՊՀ գերմաներեն և ֆրանսերեն լեզուների ամբիոնի վարիչ Անուշ Հայրապետյանը:

Գերմանագետների և գերմաներենի ուսուցիչների միջազգային ասոցիացիայի հետ համատեղ կազմակերպված գիտաժողովին, որ կրում էր «Բազմալեզվությունը ինստիտուցիոնալ համատեքստում. գերմաներենը՝ որպես երկրորդ օտար լեզու» խորագիրը, մասնակցում էին փորձագետներ Գերմանիայից, Վրաստանից, Ուզբեկստանից, Ղազախստանից, Ղրղզըստանից, Արցախի Հանրապետությունից եւ ՀՀ մարզերից:

Մասնակիցներին ողջունել են Խաչատուր Աբովյանի անվան hայկական պետական մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Արա Երեմյանը, ՀՀ ԿԳՆ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն  Նորայր Ղուկասյանը:

Կոնֆերանսի բացմանը ներկա էր Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադյա Լիխտեմբերգերը, որը փոխանցեց դեսպանի ողջույնի խոսքը եւ հավաստիացրեց, որ հատկապես վերջին տարիներին գերմաներենն ավելի գրավիչ է դառնում, եւ Հայաստանում էլ արդեն սկսել են այն՝ որպես երկրորդ օտար լեզու ընկալել: «Գերմաներենը պատուհան է դեպի գերմանական մշակույթ, դեպի պատմություն եւ դեպի գերմանական գիտություն»,-ասաց փոխդեսպանը:

Ա. Հայրապետյանը կարևորում է ԱրՊՀ կադրերի մասնակցությունը հատկապես միջազգային գիտաժողովներին, քանի որ դրանք մասնագիտական շփումների և փորձի փոխանակման լավագույն հնարավորություն են ընձեռում: Գիտաժողովում վերջինս ներկայացրել է գերմաներենի դրվածքը Լեռնային Ղարաբաղում, երկլեզվության պայմաններում նրա  դասավանդման և ուսուցման առանձնահատկությունները` որպես երրորդ օտար լեզու` անգլերենից և ռուսերենից հետո: Քննարկվել են համագործակցության հնարավորությունները:

«Միջազգային գիտաժողովի երկօրյա աշխատանքների արդյունքն եղավ գերմաներենի՝ որպես երկրորդ օտար լեզվի, ուսուցանման նոր մեթոդիկայի, նոր ծրագրի մշակումը, որը զգալիորեն տարբերվում է այլ լեզուների դասավանդման մեթոդիկայից»,- նշեց ամբիոնի վարիչը: