Արցախի պետական համալսարան

mar1mar2

Ապրիլի 15-ին տեղի ունեցավ ԱրՊՀ վաղամեռիկ դասախոս Մարինա Առստամյանի «Հայոց ցեղասպանության թեման գերմանական և ավստրիական գրականության մեջ» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը:

Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը, պրոռեկտորներ, Մ. Առստամյանի հարազատներ և գործընկերներ, հյուրեր:

Գրքի շնորհանդեսը բացվեց Վաղուհասի հոգևոր հովիվ Տեր Հովհաննեսի օրհնությամբ:

ԱրՊՀ գիտխորհրդի երաշխավորությամբ հրատարակված գիրքը ռուսերենից հայերեն թարգմանել էր բանաստեղծ, բ.գ.դ., պրոֆեսոր, ԼՂՀ վաստակավոր գործիչ Սոկրատ Խանյանը, ով, բացելով շնորհանդեսը, ներկայացրեց գրքի բովանդակությունը և հեղինակի կատարած հսկայածավալ աշխատանքն այդ ուղղությամբ:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում կազմակերպված գրքի շնորհանդեսն, իբրև  քաղաքակիրթ աշխարհին ուղղված ճիչ, Ս. Խանյանի խոսքով, տեղին և ժամանակին կատարված աշխատանք է: Սա գալիս է ապացուցելու ոչ միայն գրականագետի հասունությունը, այլ նաև Արցախի մտավորականության ներուժը` ի դեմս մայր բուհի:

«Մարինան, որպես գրականագետ, կարողացել է վերհանել Հայոց ցեղասպանությանն անդրադարձած այդ երեք հսկաների` Ֆ. Վերֆելի, Ա. Վեգների, Է. Հիլզենրաթի ստեղծագործությունների գաղափարաբանությունը: Եվ այսօր մենք խղճի մտոք կարող ենք արդեն երրորդ անգամ գնահատել նրա ազգանվեր աշխատանքը, որ խոսում է ոչ միայն Մարինայի գիտելիքների և սրտացավության, այլև` ԱրՊՀ ներուժի»,- նշեց Ս. Խանյանը:

Առանձին ելույթներով հանդես եկան գրականագետներ Անահիտ Աթայանը, Զինաիդա Բալայանը, պատմաբան Վահրամ Բալայանը, Դոնարա Գաբրիելյանը, ովքեր գնահատեցին Մ. Առստամյանի թեկնածուական ատենախոսության հիման վրա տպագրված գրքի գեղարվեստական, գիտական արժեքն ու քաղաքական նշանակությունը:

Պ.գ.դ., պրոֆեսոր Վ. Բալայանը, կանգ առնելով գրքի քաղաքական նշանակության վրա, առաջարկեց գիրքը թարգմանել նաև թուրքերեն, քանի որ Թուրքիայում մարդասպանների կողքին ապրում են հասարակ մարդիկ, որոնց լուսավորելու խնդիր կա. «Պետք է ցույց տալ, որ հայը ոչ միայն հայրենիքի պաշտպան է, այլև`  գիտության, մշակույթի գործիչ և որ ոչնչով ետ չի մնում համամաշխարհային քաղաքակրթությունից»:

Միջոցառման վերջում հեղինակի քույրը` Ռիտա Առստամյանը շնորհակալություն հայտնեց ԱրՊՀ ղեկավարությանը, Աժ նախագահ Ա. Ղուլյանին, Տեր Հովհաննեսին սրտացավ վերաբերմունքի և գրքի թարգմանությանն  ու տպագրությանը օժանդակելու համար: