Արցախի պետական համալսարան

20150416 030656

Ապրիլի 16-ին ԱրՊՀ նիստերի դահլիճում տեղի ունեցավ գրականության և լրագրության ամբիոնի նախաձեռնած գրական-գեղարվեստական կոմպոզիցիոն միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ և հայոց լեզվի ու գրականության և օտար լեզուների ֆակուլտետի ղեկավար կազմը, համալսարանականներ, հյուրեր հանրապետության գիտակրթական տարբեր հաստատություններից:

Միջոցառման գաղափարական բովանդակությունը ուղեգծված էր ցեղասպանություն-ինքնապաշտպանական կռիվներ, հայդուկային շարժում-պահանջատիրություն հունով: Հայոց պատմության այդ ողբերգահերոսական աննախադեպ ընթացքը ներկայացվեց հայ դասական պոեզիայի ընտրանիով, հայկական ռազմապարերով, ազգագրական-ֆիդայական երգերով, համապատասխան փաստավավերագրական տեսանյութերով:

Միջոցառման կազմակերպիչ, ԱրՊՀ գրականության և լրագրության ամբիոնի վարիչ, բ.գ.թ., դոցենտ Նարինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց. «Մենք ազգային սրբազան պարտավորություն ունենք, որ բացարձակ է ամեն ինչից: Յուրաքանչյուրս մեր  կյանքի ճանապարհին պարտավոր ենք ամեն ինչ անել զորապես անպարտելի, գաղափարապես հզոր, ոգով արիապաշտ, բարոյապես անխոցելի, սոցիալապես արդար միացյալ, անկախ, հզոր ու երջանիկ Հայաստանի ստեղծման համար»:

Ն. Հովհաննիսյանն իր երախտագիտությունը հայտնեց միջոցառման բոլոր մասնակիցներին` ասմունքողներին, երգիչին, պարախմբերին և նրանց պարուսույցներին` Աշոտ Բաբայանին, Սարգիս Պարսամյանին, Սվետլանա Աբաղյանին «Շնորհակալություն եմ հայտնում նաև դահլիճին, որ իր հոծ ներկայությամբ կրկին հաստատագրեց մեր ազգային հավատամքն ու պահանջատիրությունը»,- հավելեց նա: