Արցախի պետական համալսարան

baghbagh1

Ապրիլի 17-ին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ ԱրՊՀ-ում կայացավ հանդիպում նիդեռլանդահայ հոգեբան Լևոն Բաղդասարյանի հետ:

Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Լևոն Բաղդասարյանը աշխատում է Metris B.V. հոլանդական գիտահետազոտական կենտրոնում` որպես տեխնիկական գծով ղեկավար: Ընկերության մասնագիտական ուղղվածությունը,
ինչպես ներկայացրեց Լ. Բաղդասարյանը, ծրագրերի նախագծումը և աութսորսինգն է, բժշկական մասնագիտացված համակարգերի մշակումը, ինչպես նաև` մեծ ճշգրտություն ունեցող ծրագրերի նախագծումը, որոնց մեջ օգտագործվում են ազդանշանների մշակումը և ուսումնասիրումը, շարժական ու անշարժ առարկաների ճանաչումը:

«Metris B.V. ընկերության արտադրանքը LABORAS և SONOTRACK ծրագրերն են, որոնք օգտագործվում են դեղագործության, հոգեբուժության, տոքսիկոլոգիայի և հոգեբանության ասպարեզներում»,- ասաց Լ. Բաղդասարյանը:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակներում կազմակերպված հանդիպման ընթացքում Լ. Բաղդասարյանը հանդես եկավ «Ցեղասպանության հետևանքները 100 տարի անց» թեմայով դասախոսությամբ:

Հետազոտելով ցեղասպանությունը վերապրածների մետ 1800 բժշկական փաստաթղթերի պատմություններ, հոգեբանը կանգ առավ հատկապես պոստտրավմատիկ սթրեսի և դրա հետևանքներ վրա: Սթրեսի այս տեսակի մասսայականացման հիմնական չորս պատճառները ցեղասպանությունը, պատերազմը, բռնությունն ու ահաբեկչությունն են: Այս առումով ուշագրավ են մարդու մոդելին ամենամոտ կենդանու` մկան վրա արված փորձարկումները: Փորձարկաման արդյունքում Լ. Բաղդասարյանը այն եզրակացության հանգեց, որ պոստտրավմատիկ շոկի գենետիկ հետևանքներն ազդեցություն են ունենում առնվազն յոթ սերնդի վրա: Այստեղից գիտնականը առաջ է քաշում ցեղասպանված ժողովրդի գենոֆոնդի խնդիրը:

Անդրադառնալով դասախոսության կառուցվածային երեք հարցերին` ի՞նչ է արվել, ի՞նչ է արվում և ի՞նչ պետք է արվի, հոգեբանը ցեղասպանության ճանաչման մեկդարյա աշխատանքները գնահատեց իբրև նախնական փուլում գտնվող: Գիտնականն առաջարեց մշակել նոր ռազմավարություն, որի խնդիրը բնավ չի լինի ցեղասպանության ճանաչումը, այլ` ընդունումը: Այսինքն հարցը պետք է տեղափոխվի քաղաքական մակարդակներ. «Միայն ոգեկոչման միջոցառումները բավական չեն և չպետք է սահմանափակվել ցույցերով: Պետք է անցնել ավելի լուրջ քայլերի, դիցուք` գիտական-հետազոտական աշխատանքների այնպիսի բնագավառներում, ինչպիսիք են իրավաբանությունը, հոգեբանությունը, տնտեսագիտությունը, քաղաքագիտությունն ու միջազգային հարաբերությունները, մեդիան և այլն, քանի որ ցեղասպանությունը սոսկ պատմական խնդիր չէ»:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Գայանե Գիրգորյանը, ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, համալսարանականներ, հյուրեր: