Արցախի պետական համալսարան

SAM 2343SAM 2344

Ապրիլի 18-ին ԱրՊՀ-ում հյուրընկալվել էր «Արտույտների ագարակը» գրքի հեղինակ Անտոնիա Արսլանը:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը, ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը, Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր Շվոն Նաշ Մարշալը, դասախոսներ, ուսանողներ:

Անտոնիա Արսլանը հայկական արմատներով իտալացի գրող և  գիտնական է։ Նա Պադովայի համալսարանի ժամանակակից և արդի իտալական գրականության պրոֆեսոր է, որի հրատարակումները վերաբերում են նրա հայկական ծագմանը: Հայերիս համար նա առավելապես  հայտնի է իբրև Օսմանյան կայսրության մասսայական ջարդերից մազապուրծ եղած և Իտալիայում հայտնված մի ընտանիքի պատմության մասին պատմող «Արտույտների ագարակը» գրքի հեղինակ:

Ա. Արսլանին ուղեկցող Շվոն Նաշ Մարշալը մանրամասներ պատմեց Ասլանյան ընտանիքի պատմությունից, «Արտույտների ագարակը» գրքի գաղափարի, դրա հիման վրա նկարահանված ֆիլմի, գրքի և ֆիլմի ընդհանրությունների ու տարբերությունների, ինչպես նաև այս առիթով թուրքական կողմի սպառնալիքների ու առաջացրած խոչընդոտների մասին:

Մարշալը, անդրադառնալով գրքի արձագանքներին, ասաց. «Արտույտների ագարակը» գիրքը թարգմանվել է 20 լեզուներով և ամբողջ աշխարհում իրացվել է հսկայական տպաքանակներով։ Միայն Իտալիայում, որտեղ հայ համայնքն ընդամենը 2000 մարդուց է բաղկացած, սպառվել է գրքի ավելի քան 300.000 օրինակ»։

Հյուրերը հետաքրքիր պատմություն պատմեցին նաև ֆիլմի նկարահանման հետ կապված: Երբ գիրքը սպառվում էր զարմանալիորեն մեծ ծավալներով, Պաոլո և Վիտորիո Տավիանի եղբայրները կապվեցին Ա. Արսլանի հետ` առաջարկելով գրքի հիման վրա ֆիլմ նկարահանել: Այդ ժամանակ, սակայն, գրքի հեղինակը առաջարկ էր ստացել նաև Հոլիվուդից. «Այդ նույն ժամանակ Հոլիվուդը փորձում էր էկրանացնել նաև «Մուսա լեռան քառասուն օրը» վեպը, որը ձախողվեց: «Արտույտների ագարակի» համար կանխատեսելով նույն բախտը, համաձայնեցի հենց Տավիանիների հետ, որոնք հայկական արմատներ ունեին մայրական կողմից»,- նշեց Ա. Արսլանը:

Հանդիպման վերջում ծավալված քննարկման ընթացքում հյուրերը պատասխանեցին ներկաների հարցերին: