«ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ». ԳԻՐՔ-ՀՈՒՇԱՐՁԱՆ

27.04

2015

11169036 647157655416276 1895258744 n11198469 647157748749600 623029681 n      

Ապրիլի 27-ին ԱրՊՀ Կարո Դավթյանի անվան հայոց լեզվի կաբինետում կայացել է հայոց լեզվի ու նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Սիլվա Մինասյանի «Հովահաննես Շիրազ» գրքի շնորհանդեսը:

Գրքի շնորհանդեսին, որ կազմակերպվել էր համալսարանի և ամբիոնի ղեկավարության համատեղ ջանքերով, ներկա էին ԼՂՀ ԿԳ փոխնախարար Ա. Սարգսյանը, ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը, պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, գործընկերներ, տարբեր տարիների ուսանողներ, հյուրեր:

Շնորհանդեսի բացման խոսքում հայոց լեզվի ու նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ Հ. Ղազարյանն ասաց, որ Ս. Մինասյանի երկարամյա աշխատանքների արդյունք հանդիսացող մենագրությունը և' լեզվաբանական ուսումնասիրություն է, և' գրականագիտական:

Գրքի հեղինակի ելույթը մենագրության ամփոփ բովանդակությունն էր ներկայացնում. Հովհ. Շիրազի կյանքն ու գրական գործունեությունը, նրա ստեղծագործությունների լեզվաոճական առանձնահատկությունները, բառապաշարի բառարանը: Ս. Մինասյանը միաժամանակ պարզաբանեց Շիրազի կենսագրական մի քանի տվյալների` ծննդյան տարեթվի և գրական կեղծանվան հետ կապված խնդրահարույց որոշ հարցեր:

Հայոց լեզվի ու նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Շողեր Մինասյանը, ով գրքի գրախոսն է, խոսելով գրքի և նրա հեղինակի մասին, նշեց, որ Ս. Մինասյանը հանգիստ կարող է ասել, թե ինքը կատարել է իր պատքը իր ժողովրդի, իր Շիրազի և, վերջապես, իր խղճի առջև. «Այս գիրքն ամբողջությամբ Շիրազն է. Շիրազ քաղաքացին, Շիրազ հայը, Շիրազ տղամարդը, Շիրազ հայրենասերը, փիլիսոփան և, իհարկե, Շիրազ բանստեղծը: Գիրքը Հովհ. Շիրազ երևույթի մի ամբողջ հանրագիտարան է և այսուհետ վերջինիս առնչվող որևէ թեմա ներկայացնելիս հնարավոր չի լինի շրջանցել գիրքը»:

Գրքի խմբագիրը` նույն ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Շուշան Սաղյանը գիրքը որակեց իբրև Շիրազի լեզվի վերաբերյալ 20-րդ դարի լեզվաբանության հանրագումար: «Գիրքը գրվել է հոգու պարտքի սարսուռով, բոլորանվեր մղումով, իսկ առողջության հաճախակի վատթարացման պահերին` չհասցնելու, ավարտը չտեսնելու տագնապով»,- ընդգծեց Ս. Մինասյանի դուստրը, ով գրքի ծննդյան ականատեսն է եղել:

Գնահատելով նրա տքնաջան աշխատանքը ու դրա ստվարածավալ արդյունքը` Ա. Սարգսյանը Ս. Մինասյանին բնութագրեց որպես լեզվաբան-պրոպագանդիստ: Չժխտելով հեղինակի` մեկ տասնյակից ավելի գրքերը` նա «Հովհաննես Շիրազ» մենագրությունը համարեց Ս. Մինասյանի գիտական գործունեության գլուխգործոցը:

Շնորհանդեսն ամփոփվեց հեղինակի նախկին ուսանող, հայ գրականության և լրագրության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Ս. Խաչատրյանի ելույթով, որ իր և իր նախկին դասախոսի ու Շիրազի հանդիպումների ու նամակագրական կապերի վերհուշն էր:

Միջոցառման մեջ կարևոր մաս էին կազմում նաև գեղարվեստական համարները: