ԴԱՍ-ԴԱՏ

20.04

2015

dasdat

Ապրիլի 20-ին ԱրՊՀ տնտեսաիրավաբանական ֆակուլտետում կազմակերպվել էր դաս-դատ` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ռուսաց լեզվի և գրականության ամբիոնի դասախոս Նաիրա Մարգարյանի նախաձեռնությամբ կազմակերպված դաս-դատին ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը, պրոռեկտորներ Վ. Յարամիշյանը, Գ. Սահակյանը, Վ. Ավանեսյանը, տնտեսաիրավաբանական ֆակուլտետի դեկան Ռ. Մանգասարյանը, դասախոսներ, ուսանողներ, հյուրեր:

Նախքան դատը, ուսանողները պատմական տեղեկություններ հաղորդեցին 20-րդ դարում Արևմտյան Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին, ներկայացրեցին նրա կենցաղը, բարքերն ու սովորույթները, հագուկապը, մշակութային կյանքը, ապա` հայաթափման ուղղությամբ երիտթուրքերի քաղաքականությունը, որի հիմքում հայկական հարցի վերացումն էր, ցեղասպանության գաղափարը` Մեծ Թուրանի ստեղծման ճանապարհին, Նեմեսիս գործողությունը, Թալեաթ փաշայի սպանությունը և Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը և, վերջապես, ցեղասանության հետևանքները` ճանաչման և հատուցման իրավական տեսանկյունից:

Դասի երկրորդ մասում ներկայացվեց Գրիգոր Գուլգուլյանի դատավարությունը, ով մեղադրվում էր  թուրք Հասան Միմի Օղլուի սպանության մեջ:

Հատկանշական է, որ ուսանողները քննելով և ներկայացնելով գործի մանրամասներ, ծավալուն տեղ էին հատկացրել մեղադրյալի փաստաբանի ելույթի համար, ով մանրամասնություններ ներկայացրեց իր պաշտպանյալի արարքի դրդապտճառի վերաբերյալ. «Ով կարող է երաշխավորել, որ Գյուլգյուլյանի  փոխարեն, ում աչքի առաջ հորն ու եղբայրներին մորթել էր Հասանը, նույն կերպ չէր վարվի: Եվ մի՞թե սա կարելի որակել է իբրև դաժան սպանություն` ազգային և կրոնական շարժառիթներով»,- դիմեց փաստաբանը դատարանին:

Հիմք ընդունելով բերված փաստերն ու ապացույցները, ինչպես նաև վկաների ցուցմունքները և թուրքական լծի տակ հեծող հայ ժողովրդի վիճակը` դատարանը վճռեց`

-       Անհապաղ ազատե'լ մեղադրյալին:

Դատավճռին հաջորդեցին ներկաների ծափահարություններն ու ուրախության ճիչերը:

Դասի ավարտին տնտեսաիրավաբանական ֆակուլտետի դեկան Ռ. Մանգասարյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին ու մասնակիցներին և հավելեց. «Նման միջաոցառումնրով մենք մեր վերաբերմունքն ենք հայտնում Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման վերաբերյալ: Այսպիսով այսօրվա երիտասարդը ի լուր աշխարհի գոչում է, որ պահանջատեր է այնքան ժամանակ, մինչև որ չհատուցվեն դար առաջ իրականացված ոճրագործության նյութական և բարոյական վնասները»: