Արցախի պետական համալսարան

                                                                                                          zina

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում ԱրՊՀ-ում կազմակերպվում են նաև տարաբնույթ դաս-միջոցառումներ` ոգեկոչելու ցեղասպանվածների հիշատակը:

Այդ միջոցառումներից անմասն չէր մնացել հայոց լեզվի ու գրականության և օտար լեզուների ֆակուլտետը: Ֆակուլտետի հայ, ռուս և օտար լեզուների բաժիններում այս օրերին շարունակաբար և միմյանց լրացնելով անդրադառնում են Հայոց ցեղասպանությանը, դրա հետևանքներին, ճանաչմանն ու հատուցմանը:

***

«Ոչ համամարդկային ոճրագործությանը` ցեղասպանությանը. Պատմագրական արձագանքներ» խորագիրն էր կրում հայ գրականության և լրագրության ամբիոնի դասախոս Զինաիդա Բալայանի  վարած դասը «Օտարագիր հայ գրողներ. Վ. Սարոյան» առարկայի շրջանակներում:

«Քանի որ օտարագրությունը հետևանք է հենց ցեղասպանության, առարկայի շրջանակներում անդրադարձ է կատարվում Թուրքիայի կողմից կատարված քաղաքական հանցագործության արձագանքներին, որ տեղ են գտել ինչպես օտարագիր հայ գրականության էջերում»,- այսպես բացեց դասը Զ. Բալայանը:

Դասի առաջին մասում ուսանողներն արտասանեցին եղեռնի թեմայով գրված բանաստեղծական շարքեր, իսկ երկրորդ մասում ներկայացրեցին նեմեսիսական վրիժառուների ծրագրած քաղաքական ակտերը:  Այս համատեքստում տեսանելի էին նաև հարցի կապակցությամբ օտար հումանիստ գրողների վկայություններն ու ահազանգերը, ստեղծագործական անդրադարձները:

Սեմինարն ավարտվեց հայ ժողովրդին դեպի հաղթանակ տանող ստեղծագործությունների մատուցմամբ:

***

otar

«Հիշում եմ և պահանջում» խորագրով դաս-միջոցառումը, որ վարում էր օտար լեզուների ամբիոնի դասախոս Դորա Պետրոսյանը օտար լեզուների բաժնում, Հայոց ցեղասպանությանը վերաբերող գաղափարական երկու հիմնադրույթների` անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրքի և հատուցման պահանջի արտահայտություն էր:

Եվս մեկ անգամ ներկայացվեց 100 տարի առաջ թուրքական իշխանությունների կողմից կազմակեպված և արդար դատաստանի ապասող նախճիրն ու դրա հետևանքները: Ուսանողները  վստահ էին, որ կգա օրը, երբ կճանաչվի ու կդատապարտվի մարդկության պատմության մեջ իրականացված ամենամեծ ոճիրը, որը նստած է աշխարի խղճի վրա:

***

Կարևորելով ոչ թե ձևը, այլ` գաղափարը` ռուսաց լեզվի և գրականության ամբիոնը «Համաշխարհային մշակույթը և հայոց ցեղասպանությունը» թեմայով կազմակերպել էր ինտելեկտուալ խաղ-մրցույթ:

Երկու փուլով ընթացող մրցույթին մասնակցում էին համալսարանի տարբեր ֆակուլտետներից վեց թիմեր: Հարցերը ներառում էին համաշխարհային մշակույթի ամենատարբեր բնագավառներ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Հայոց ցեղասպանությանը:

Համառ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց ճարտարագիտական ֆակուլտետի «Նեմեսիս» թիմը, որը պարգևատրվեց «Աֆորիզմներ և թևավոր խոսքեր» գրքով:

 

***

germaneren

 

Մեկ այլ դաս-սեմինար, որ կրում էր «Ցեղասպանությունը և Գերմանիան» խորագիրը, կազմակերպել էր գերմաներեն և ֆրանսերեն լեզուների ամբիոնի վարիչ Անուշ Հայրապետյանը:

 

Դասի սկզբում ուսանողները հայերեն և գերմաներեն լեզուներով ներկայացրեցին երիտթուրքերի վարած քաղաքականությունը, դրա պատճառներն ու նպատակները, ցեղասպանության իրականացման ձևերն ու փուլերը, Նեմեսիս գործողությունը:

 

Անդրադառնալով ցեղասպանության իրականացման գործում Գերմանիայի` Թուրքիային ցուցաբերած աջակցությանն ու անմիջական մասնակցությանը` ուսանողների միաժամանակ ընդգծեցին գերմանացի գործիչներ Վեգների, Լեպսիուսի, Վերֆելի և այլոց հայանպաստ գործունեությանը և, որ ամենակարևորն է, Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի`  ս.թ. արիլի 23-ի հայտարարությունը, որում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները որակվեցին «ցեղասպանություն»: