ՀԱՂԹԱՆԱԿԻ ԴԱՍ

08.05

2015

11258707 651071478358227 830424180 n

Մայիսի 8-ին ԱրՊՀ-ում «Հաղթանակի դաս» են վարել ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը և ԿԳ նախարար Սլավիկ Ասրյանը:

Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումների շրջանակներում  կազմակերպված հանդիպմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը, գիտխորհրդի անդամներ, դասախոսներ և ուսանողներ:

Հանդես գալով բացման խոսքով` ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին պարբերական դարձած հանդիպումների համար, որոնք նպաստում են համալսարանականների ռազմահայրենասիրական դաստիարակմանը:

ՊԲ հրամանատար Մ. Հակոբյանն իր ելույթի սկզբում ներկաներին շնորհավորեց մայիսյան փառահեղ հաղթանակների կապակցությամբ, ապա համառոտ պատմական ակնարկ կատարեցՀայրենական Մեծ պատերազմից մինչև մեր օրերը:

Անդրադառնալով հայերի, մասնավորապես ղարաբաղցիների մասնակցությանը Հայրենական պատերազմին` Մ. Հակոբյանն ընդգծեց հայ ժողովրդի ծանրակշիռ դերը Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակում. «Այդ ցուցանիշները այլ ազգերի հետ համեմատելիս հստակ երևում է, որ հայ ժողովուրդն ու Հայաստանը շատ ծանրակշիռ ավանդ են ունեցել հաղթանակի գործում, և այս պատերազմը միանշանակ եղել է հայրենական»:

ՊԲ հրամանատարը որոշ մանրամսաներ ներկայացրեց Շուշիի ազատամարտից` Արցախյան ազատամարտում հայկական ռազմական ուժերի առաջին նշանակալից հաղթանակից, որ տեղի ունեցավ 1992թ. մայիսի 8-ին Շուշի լեռնաքաղաքում՝ նախապես ու ճշգրիտ մշակված ռազմական պլանով:

«Արցախյան ազատամարտում տարած հաղթանակից հետո բանակը չկազմալուծվեց: Առաջնահերթ նշանակություն ստացավ պետության անվտանգության և անկախության պահպանման հարցը, որի երաշխիքը կարող էր լինել մարտունակ բանակը»,- ասաց Մ. Հակոբյանը: Բանակաշինության ուղղությամբ անցած 23 տարների ընթացքում լուրջ աշխատանքներ են տարվել` նյութատեխնիկական բազայի վերականգնում և համալրում, ռազմական կրթության շարունակականություն, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավում և այլն:

Համալսարանականներին Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70, Շուշիի ազատագրման և Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձերի կապակցությամբ շնորհավորեց նաև ԼՂՀ ԿԳ նախարար Ս. Ասրյանը:

Նախարարը կարևորեց նման ձևաչափով հանդիպումները, որոնք հնարավորություն են տալիս շփվել կենդանի հերոսների հետ, տոգորվել նրանց հերոսական կենսագրությամբ և լինել նրանց արժանի հետնորդը, ինչն այսօր` ոչ խաղաղություն-ոչ պատորազմ քաղաքական լարված իրավիճակում ավելի քան կարևոր է: