ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ

21.04

2015

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի լրացման շրջանակում հազարավոր միջոցառումներ են կազմակերպվել հայկական երկու հանրապետություններում ու Սփյուռքում: Մի շարք միջոցառումներ էլ նախաձեռնվել են Արցախի պետական համալսարանում:

Այդ միջոցառումներից անմասն չէր մնացել հայոց լեզվի ու գրականության և օտար լեզուների ֆակուլտետը: Ֆակուլտետի հայ, ռուս և օտար լեզուների բաժիններում այս օրերին շարունակաբար և միմյանց լրացնելով իրար հաջորդում են Հայոց ցեղասպանությանը, դրա հետևանքներին, ճանաչմանն ու հատուցմանը նվիրված միջոցառումները:

***

«Հիշում եմ և պահանջում» խորագրով դաս-միջոցառումը, որ վարում էր օտար լեզուների ամբիոնի դասախոս Դորա Պետրոսյանը օտար լեզուների բաժնում, Հայոց ցեղասպանությանը վերաբերող գաղափարական երկու հիմնադրույթների` անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրքի և հատուցման պահանջի արտահայտություն էր:

Եվս մեկ անգամ ներկայացվեց 100 տարի առաջ թուրքական իշխանությունների կողմից կազմակեպված և արդար դատաստանի սպասող նախճիրն ու դրա հետևանքները: Ուսանողները  վստահ էին, որ կգա օրը, երբ կճանաչվի ու կդատապարտվի մարդկության պատմության մեջ իրականացված ամենամեծ ոճիրը, որը նստած է աշխարհի խղճի վրա:

***

Կարևորելով ոչ թե ձևը, այլ գաղափարը` ռուսաց լեզվի և գրականության ամբիոնը «Համաշխարհային մշակույթը և հայոց ցեղասպանությունը» թեմայով կազմակերպել էր ինտելեկտուալ խաղ-մրցույթ:

Երկու փուլով ընթացող մրցույթին մասնակցում էին համալսարանի տարբեր ֆակուլտետներից վեց թիմեր: Հարցերը ներառում էին համաշխարհային մշակույթի ամենատարբեր բնագավառներ, որոնք այս կամ այն կերպ առնչվում են Հայոց ցեղասպանությանը:

Հաղթող ճանաչված ճարտարագիտական ֆակուլտետի «Նեմեսիս» թիմը պարգևատրվեց «Աֆորիզմներ և թևավոր խոսքեր» գրքով:

 

***

SAM 2421

 

Ապրիլի 21-ին Հայոց լեզվի ու նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի նախաձեռնությամբ  ֆակուլտետի ուսանողների համատեղ ջանքերով և ԼՂՀ վաստակավոր արտիստ Քաջիկ Հարությունյանի բեմադրությամբ համալսարանականներին ներկայացվեց «Ես հայ եմ» անունով գրական-գեղարվեստական կոմպոզիցիան:

Ասմունքին լրացնելու էին գալիս պարն ու երգը: Այս ամենը ուղեկցվում էր վավերագրական հարուստ նյութերով, լուսանկարներով  ու ֆիլմերի հատվածներով:   Եվ այդ ամենը ներկայացնում էր հրեշավոր ոճրագործության պատառիկներ:

Միջոցառման մասնակիցները հավատում են հարցի դրական լուծմանը ու արդարության հաստատմանը: Վերջում շնորհակալություն է հայտնվել բոլոր այն երկրներին, որոնք քաղաքականությունից վեր են դասել արդարությունը և ընդունել  ցեղասպանությունը:  Հայ դատի արդար լուծմանը հաստատելու է եկել Թալեաթի սպանությունը: «Ես հայ եմ», - սա է մարդասպանի լսած վերջին բառերը:

***

SAM 2441

 

Արցախի մայր բուհում ապրիլի 22-ին տնտեսաիրավաբանական ֆակուլտետի ուսանողների մասնակցությամբ ներկայացվեց Աղասի Այվազյանի«Աչքը ծոծրակին» տեղծագործությունը: Միջոցառման մտահղացումը Շուրա Օհանյանինն է, բեմադրողը՝ Վեներա Ավագիմյանը:

Բեմադրության առանցքում է մի ընտանիք, որ ապրում է Թուրքիայում և իրեն մաքուր թուրք է համարում: Սակայն ամերիկուհի զբոսաշրջիկի փոքրիկ բացահայտումը արմատապես փոխում է  իրականությունը: Այն մարդը, ով հպարտությամբ իրեն թուրք էր անվանում, իմանում է, որ իր նախնիների երակներում հոսում է հայի արյունը:

Այն իրավիճակը, այն խառնաշփոթը, որ կարող էր առաջանալ նման իրավիճակում հայտնված իրեն թուրք համարող հայ ընտանիքում, արժանապատվորեն և դերասանական գերազանց հմտությամբ ներկայացրին բուհի ուսանողները:

 

***

SAM 2503

 

Մեկ այլ դաս-սեմինար, որ կրում էր «Ցեղասպանությունը և Գերմանիան» խորագիրը, կազմակերպել էր գերմաներեն և ֆրանսերեն լեզուների ամբիոնի վարիչ Անուշ Հայրապետյանը:

Դասի սկզբում ուսանողները հայերեն և գերմաներեն լեզուներով ներկայացրեցին երիտթուրքերի վարած հայահալած քաղաքականությունը, դրա պատճառներն ու նպատակները, ցեղասպանության իրականացման ձևերն ու փուլերը, Նեմեսիս գործողությունը:

Անդրադառնալով ցեղասպանության իրականացման գործում Գերմանիայի` Թուրքիային ցուցաբերած աջակցությանն ու անմիջական մասնակցությանը` ուսանողները միաժամանակ ընդգծեցին գերմանացի գործիչներ Վեգների, Լեպսիուսի, Վերֆելի և այլոց հայանպաստ գործունեությունը և, որ ամենակարևորն է, Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի`  ս.թ. արիլի 23-ի հայտարարությունը, որում Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային կոտորածները որակվեցին «ցեղասպանություն» եզրույթով

 

***

grakanytun

 

Ապրիլի 16-ին ԱրՊՀ նիստերի դահլիճում տեղի ունեցավ գրականության և լրագրության ամբիոնի նախաձեռնած գրական-գեղարվեստական կոմպոզիցիոն միջոցառում`  նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

 Միջոցառման գաղափարական բովանդակությունը ուղեգծված էր ցեղասպանություն-ինքնապաշտպանական կռիվներ, հայդուկային շարժում-պահանջատիրություն հունով: Հայոց պատմության այդ ողբերգահերոսական աննախադեպ ընթացքը ներկայացվեց հայ դասական պոեզիայի ընտրանիով, հայկական ռազմապարերով, ազգագրական-ֆիդայական երգերով, համապատասխան փաստավավերագրական տեսանյութերով:

 

***

cucahandes

 

Անմասն չմնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներից`  ԱրՊՀ կերպարվեստի ամբիոնը կազմակերպել էր ցուցահանդես:

Ցուցահանդեսի բացմանը մասնակցում էին ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը, պրոռեկտորներ, պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, արվեստագետներ, ուսանողներ և հյուրեր:

Ցուցահանդեսն իր բնույթով բազմաժանր է և ընդգրկում է  կերպարվեստի ամբիոնի ուսանողների 50-ից ավելի աշխատանքներ:

Հարցին, թե ուսանողներին հաջողվե՞լ է հոգի և մարմին տալ գաղափարին, կերպարվեստի ամբիոնի վարիչ Լավրենտ Ղալայանը պատասխանեց. «Նրանք կարողացել են 100 տարվա հեռվից զգալ ժամանակաշրջանը, ինչն իր արտահայտությունն է գտել ամենատարբեր ոճերում»: