Արցախի պետական համալսարան

tartu tartu1

Մայիսի 14-15-ը ԱրՊՀ-ում հյուրընկալվել էին Էստոնիայի Տարտու քաղաքի համալսարանի միջազգային հարաբերություններ ֆակուլտետի մի խումբ դասախոսներ և ուսանողներ:

Նախքան համալսարանականների հետ հանդիպումը հյուրերը շրջայց են կատարել համալսարանում, ծաղիկներ խոնարհել զոհված ուսանող-ազատամարտիկների հուշակոթողին, ծանոթացել շենքային պայմաններին, շփվել ուսանողների հետ:

Այցելության պաշտոնական հատվածում հյուրերին ընդունեց ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը, ով գնահատեց էստոնացի երիտասարդների և նրանց առաջնորդների համարձակ քայլը, ովքեր, անկախ Արցախի մասին շրջանառվող իրարամերժ կարծիքներից, խիզախել են այցելել և իրական պատկերացում կազմել: Ռեկտորը ներկայացրեց բուհի 46-ամյա պատմությունը, կրթագիտական գործունեությունն ու համագործակցային կապերը միջազգային առաջատար հաստատությունների հետ:

Տարտու համալսարանի պրոֆեսորը ողջույնի և շնորհակալության իր խոսքում նշեց, որ խումբն Արցախում է ուսումնասիրություններ և հետազոտություններ կատարելու ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության և նրա կարգավորման հնարավոր ուղիների վերաբերյալ: Խոսելով երկու բուհերի համագործակցային հարաբերությունների  մասին` նա հույս հայտնեց, որ առաջիկայում դրանք այնպիսի մակարդակի վրա կդրվեն, որ հնարավոր կդառնա ուսանողների փոխանակություն կատարել:

Ղարաբաղյան քաղաքական դաշտի ուսումնասիրությամբ զբաղվող ուսանողների համար ղարաբաղյան հիմնախնդրի աշխարհաքաղաքական ասպեկտների,   ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ուղիների, դրա լուծման մեջ շահագրգիռ երկրների մասին դասախոսություններով հանդես եկան ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Ա.Բեգլարյանը, քաղաքագետ Դ. Բաբայանը, վերլուծաբան Հ. Արզումանյանը:

Հանդիպումները տևել են երկու օր: