Արցախի պետական համալսարան

gumri1 1 gumri1 2

Մայիսի 26-ից 28-ը ԱրՊՀ-ում հյուրընկալված Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի պատվիրակությունը մայիսի 27-ին կազմակերպել էր մամուլի ասուլիս:

 

Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը մամլո ասուլիսի առաջին մասում ներկայացրեց Հայ Կրթական Հիմնադրամի օժանդակությամբ ԼՂՀ-ում իրականացված ծրագրերը, որից, բնականաբար, անմասն չէր կարող  մնալ նաև Արցախի մայր բուհը:

«Համագործակցության սկիզբը դրվել է 2010 թվականին և արդեն վեցերորդ տարին է, ինչ ԼՂՀ ԿԳ նախարարության հետ համատեղ ծրագիր է մշակվել, որը ենթադրում է մայրաքաղաքի և մարզերի ինֆորմատիկայի ուսուցիչների վերապատրաստման անվճար դասընթացներ»,- ասաց Ա. Եղոյանը:

2010 թվականին վերապատրաստումներ իրականացվեցին Ստեփանակերտում, իսկ 2014-ից` Մարտունիում, Մարտակերտում, Ասկերանում, որին մասնակցել են շուրջ 37 դպրոցների ինֆորմատիկայի ուսուցիչներ: Վերապատրաստման դասընթացները ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին և նորամուծություններին իրազեկելու, մասնագիտական մակարդակը բարձրացնելու և Արցախում ՏՏ ոլորտը խթանելու նպատակ ունեն: Ի դեպ, դասընթացները ֆինանսավորվում են Հայ Կրթական Հիմնարկության կողմից:

Մամուլի ասուլիսին ներկա ԼՂՀ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Էրիկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Գյումրիի ՏՏ կենտրոնին և ՀԿՀ-ին համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգը այս մակարդակի հասցնելու  համար և առանձնացրեց նախարարության կողմից Արցախում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը. «Նախարարությունը լուրջ քայլեր է ձեռնարկում հանրակրթական դպրոցներում համապատասխան ծրագրերի ներդրման ուղղությամբ, որի արդյունքում այսօր արդեն թողարկվում են համապատասխան գիտելիքներով զինված աշակերտներ»:

Է. Գրիգորյանը կարևորեց համակարգչային կաբինետների ստեղծումն ու դրանք ժամանակակից տեխնոլոգիաներով համալրումը, որին ուղղված էր նաև Արցախում «Նուռ» կրթական ծրագրի ներդրումը:

Խոսելով ՏՏ ոլորտ-ԱրՊՀ առնչության մասին` ԱրՊՀ ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Բաղունցն ընդգծեց ֆակուլտետում կառավարման տեղեկատվական համակարգեր բաժնի բացումը, որն այս տարի առաջին անգամ շրջանավարտներ է թողարկելու:

«Ի տարբերություն նախորդ տարների, երբ հեղինակավոր էին համարվում տնտեսագիտություն և իրավաբանություն մասնագիտությունները, ի ուրախություն բոլորիս պետք է նշել, որ պատկերն այսօր այլ է. առաջատար է կառավարման տեղեկատվական տեխնոլոգիաներ բաժինը»,- նշեց Գ. Բաղունցը:

Չնայած բաժնում մեծամասնություն են կազմում կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի դասախոսները, սակայն դասախոսելու են հրավիրված նաև ոլորտում գործող այնպիսի ընկերությունների առաջատար մասնագետներ, ինչպիսիք են «Լոկատոր»-ը, «Սիներջի Ինթերնեյշնլ Սիստեմզ»-ը, «Ինսթիգեյթ Մոբայլ»-ը և այլն:

Ճարտարագիտության ֆակուլտետի դեկանը համալսարանում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ անուրանալի համարեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանի դերը, ով «համապատասխան իմպուլսներ տվեց ոլորտի զարգացմանը»:

Ի դեպ, Գյումրիի ՏՏ կենտրոնի մասնագետներն այս օրերին անհատական հարցազրույցներ են անցկացնում կառավարման տեղեկատվական համակարգեր մասնագիտությամբ սովորող ուսանողների հետ, որոնց հիման վրա հաշվետվություններ կկազմվեն, ինչն էլ հիմք կհանդիսանա հատկապես ներքին աշխատաշուկայի պահանջարկի բավարարման ուղղությամբ աշխատանքների կազմակերպմանը: