Արցախի պետական համալսարան

11271135 661425347322840 1615478643 n11310970 661425383989503 1682817926 n

Արցախի պետական համալսարանը, ինչպես պարբերաբար տեղեկացնում ենք, համագործակցության պայմանագրեր է ստորագրել ՀՀ բուհերի և գիտակրթական մի շարք կենտրոնների հետ: Համագործակցությունից անմասն չէր մնացել Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը: Վերջինիս հետ ունեցած համագործակցային հարաբերությունները ենթադրում են նաև փոխայցելություններ: Այս շրջանակներում մայիսի 31-ին ԱրՊՀ-ում  «Հիպնոս և հիպնոթերապիա» թեմայով բացառիկ դասախոսությամբ հանդես եկավ ՀՊՄՀ զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը:

 Դասախոսությանը ներկա էին ԱրՊՀ մանկավարժության և հոգեբանության ամբիոնի դասախոսներ, ուսանողներ, զինվորական հոգեբաններ, հոգեբանության խնդիրներով հետաքրքրվող անձինք:

Բացելով հանդիպումը` ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը շնորհակալություն հայտնեց Ս. Խուդոյանին` Արցախում լինելու սուղ ժամանակահատվածում համալսարան այցելելու և մասնագիտական դասախոսությամբ հանդես գալու համար:

Ս. Խուդոյանը դասախոսությունը սկսեց «ի՞նչ է հիսպնոսը» հարցադրմամբ, որին հաջորդեցին հոգեբանի` գիտական մանրամասն բացատրություններն ու վերլուծությունները հիպնոսի ծագման և բացահայտման, նրա զարգացման պատմության, գիտության հողմից հիպնոսի ընդունման մասին:

Առանձնացնելով հիպնոսի սցենիկ, քաղաքական, աղանդավորական, մանիպուլացիոն և բժշկական տեսակները` հոգեբանը կանգ առավ հատկապես վերջին տեսակի վրա` ընդգծելով նրա դերն ու նշանակությունը բժշկության զարգացման մեջ: Անդրադարձ կատարվեց նաև հիպնոսի ֆիզիոլոգիական և հոգեբանական տեսություններին: Հոգեբանական տեսության համատեքստում Ս. Խուդոյանը կարևորեց ներշնչման գաղափարը և ներկաների մասնակցությամբ ներշնչման մի քանի թեստեր փորձարկեց:

Հիպնոսի ենթարկվելու անհատական առանձնահատկությունների մասին խոսելիս հոգեբանը հետաքրքիր փաստեր նշեց այն մասին, որ հակառակ սեռի ներկայացուցիչներն իրար ավելի հեշտ են հիպնոսի մեջ գցում: Փսիխոզի, ալկոհոլի ազդեցության տակ գտնվող մարդկանց, մտավոր հետամնացներին և հիպեակտիվություն ունեցողներին շատ դժվար է հիպնոսի մեջ գցել, որի պատճառը կենտրոնացման անընդունակությունն է, տագնապային, կասկածամիտ մարդիկ ավելի դժվար են մտնում հիպնոսի մեջ, իսկ ինքնավստահ, ուժեղ մարդիկ` ավելի հեշտ և այլն:

Դասախոսության ծավալուն մի հատված նվիրված էր բժշկության մեջ լայն տարածում գտած հիպնոախտորոշմանը, հիպնոթերապիային և հիպոանալիզին: 

Իբրև ընդհանրացում` Ս. Խուդոյանը ներկայացրեց նաև հիպնոսի վիճակում մարմնի վրա ազդելու հնարավորությունների և մարմնական հիվանդությունների ոլորտում հիպնոթերապիայի կիրառական նշանակության մասին: Հիպնոսի վիճակում մարմնի վրա ազդելու հնարավորություններից հոգեբանը նշեց մարմնի վրա այրվածքների առաջացման և սպիտակ մազերը սևացնելու, սպիների վերացման, մարմնի երիտասարդացման գիտափորձերը, իսկ մարմնական հիվանդությունների առումով` քաղցկեղի, սրտանոթային և մաշկային հիվանդությունների  բուժումը, տարբեր տեսակի վիրահատություններ հիպնոսի վիճակում և Սայմոնթոն ամուսինների ու Շուտցենբերգերի փորձերը:

Հիպնոսի վերաբերյալ հաղորդվող տեսական նյութին զուգահեռ ասվածը կիրառվում էր գործնականում` այդպիսով ներկաներին «ապացուցելով» ասվածի ճշմարտացիությունը: