Արցախի պետական համալսարան

   hayrenakan film1

Հունիսի 4-ին ԱրՊՀ-ում ցուցադրվեց «Հաղթանակի 70-ամյա վկաները» փաստավավերագրական ֆիլմը:

«Հաղթանակի 70-ամյա վկաները» ֆիլմը նկարահանվել է ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում՝ ստեղծագործական հետևյալ կազմով. ծրագրի իրականացման ղեկավար` ԱԵԳՄՄ ՀԿ նախագահ Սիրանուշ Պետիկյան, մտահղացման հեղինակ՝ Ավետիք Հարությունյան, ռեժիսոր և մոնտաժող Դավիթ Խաչատրյան, սցենարի հեղինակ` Շուշան Ասկարյան, օպերատոր` Սամվել Թովմասյան: 

Ըստ Ավ. Հարությունյանի` նմանատիպ աշխատանքի գաղափարը վաղուց էր ծնվել, այն ուղղակի մշակման փուլում էր:  «Այլևս իրականություն է ֆիլմը, որի հիմնական գաղափարն այն է, որ վերջապես ունենք Մեծ հայրենականին արցախցիների մասնակցության մասին պատմող համապարփակ նյութ, տվյալ դեպքում` ֆիլմի տեսքով: Այն, կարծում ենք, առաջին հերթին դաստիարակչական բնույթ ունի և կնպաստի ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանը: Այն նաև դաս է ապագա սերունդների համար»,- նշեց Ավ. Հարությունյանը:

Մոտ մեկ ժամ տևողությամբ ֆիլմը առանձնանում է նրանով, որ չկան գլխավոր և էպիզոդիկ դերեր, այլ` կան ականատեսներ ու վերապրածներ, ովքեր, միմյանց շարունակելով և լրացնելով, հյուսում են հերոս-արցախցու ասքը` կերտելով մեկ միասնական կերպար:

Չնայած այսօր մեր շարքերում ապրում են Հայրենական Մեծ պատերազմի շուրջ 100 վետերան` սակայն, իբրև ֆիլմի հերոս-կերպարներ, ընտրվել են 10 վետերաններ, ովքեր զարմացնում են իրենց լավատեսությամբ ու երիտասարդ մնալու ձգտումով: Պատերազմի թոհ ու բոհով անցած վետերանները, չնայած պատկառելի տարիքին, պատրաստ են կրկին զենք վերցնել և երիտասարդների հետ մեջք մեջքի պաշտպանել հայրենիքի սահմանները:

Ֆիլմն ավարտվում է հայրական բարեմաղթանքներով ու պատգամներով, որոնք պետական սահմանը անսասան պահելու հորդորներ են ու  երկիրը շենացնելու կոչեր: