Արցախի պետական համալսարան

diplom

Մագիստրանտի ավարտական որակավորման աշխատանքը  բարձրագույն մասնագի­տական կրթության երկրորդ եզրափակիչ փուլն է, որը պետք է բնորոշի ապագա մասնագետի ոչ միայն ընդհանուր ակադեմիական պատրաստվա­ծությունը, այլ նաև ընտրված մասնագիտության ոլորտում նրա մասնագիտական կարողությունները։

Հունիսի 25-ին ԱրՊՀ-ում հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ  մագիստրոսների դիպլոմների հանձնման արարողություն, որին ներկա էին ԼՂՀ ԿԳ նախարար Ս. Ասրյանը, ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը, պրոռեկտորներ, դեկաններ, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, շրջանավարտներ, ծնողներ, հյուրեր:

Նախքան արարողության մեկնարկը, ներկաները ծաղիկներ խոնարհեցին համալսարանի ազատամարտիկ-ուսանողների հիշատակի հուշակոթողին:

Շնորհավորանքի, բարեմաղթանքի խոսքով հանդես եկավ մագիստրոսի ծնող Վ. Հովսեփյանը: Վերջինս իր և բոլոր ծնողների անունից շնորհավորեց շրջանավարտներին մագիստրոսի կոչում ստանալու կապակցությամբ, բարեմաղթեց իրենց արժանի տեղը գտնել հասարակության մեջ և ստացած գիտելիքներն ու նորարարական մեթոդները կիրառել ի նպաստ հանրապետության տարբեր ոլորտների զարգացմանը:

Հակիրճ անդրարադձ կատարվեց ԱրՊՀ 8 ֆակուլտետների ձևավորման, զարգացման և կայացման պատմությանը, որն ընդմիջվում էր համապատասխան ֆակուլտետի դեկանի կողմից տվյալ ֆակուլտետի շրջանավարտների դիպլոմների հանձնումով: Շնորհավորելով շրջանավարտներին` դեկանները բարեմաղթանքի խոսքեր շռայլեցին նրանց հասցեին` հույսով, որ բացառություն չեն կազմի և կլրացնեն բուհի այն շրջանավարտների թիվը, ովքեր լավագույնս են դրսևորել թե' իբրև մասնագետ, թե' իբրև մարդ:

Նշենք, որ Արցախի պետական համալսարանն այս տարի թողարկել է 188 մագիստրոս, որոնցից 42-ը ստացել են գերազանցության դիպլոմ: Գերազանցության 42 դիպլոմակիրները պատիվ են ունեցել մագիստրոսի որակավորման դիպլոմ ստանալ ԿԳ նախարար Ս. Ասրյանից և ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանից:

Ս. Ասրյանը, շնորհավորելով համալսարանականներին, ընդգծել է ԱրՊՀ ավանդը հանրապետության կադրերի պատրաստման գործում, շրջանավարտներին մաղթել կանգ չառնել և շարունակել նվաճել գիտության բարձունքները. «Ցանկանում եմ, որ ձեր բարի ու նվիրական բոլոր երազանքներն իրականություն դառնան և, որ ամենակարևորն է, լինեք ձեր մասնագիտությանն առավել մոտ ու հետևողական` այն ծառայեցնելով հասարակական շահին: Հավատացած եղեք, որ հենց դա է ձեր կյանքի կարևոր գործառույթներից մեկը»:

ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը, նախքան դիպլոմների հանձնումը, իրականացրեց ևս մեկ հաճելի արարողակարգ. Արցախի հանրապետության նախագահի նախանշած քաղաքականության համաձայն և վարչապետի անմիջական նախաձեռնությամբ 2014-15 ուսումնական տարում ԱրՊՀ-ում անգլերենի  և  ռուսաց  լեզվի մասնագիտական   գիտլեքների  խորացման  նպատակով կազմակերպվել է դասընթացների առաջն փուլը, որին մասնակցած 284  ուսանողներից  ամփոփիչ քննությունների    մասնակցության   հայտ  են  ներկայացրել  87-ը: Արդյունքում 44  ուսանողներ  ցուցաբերել են   լավ  և   գերազանց   առաջադիմություն, 6-ը` ստացել    առավելագույն  20   միավոր, որոնց  և ռեկտորը հանձնել է հավաստագրեր:

Շրջանավարտներին  ուղղված շնորհավորանքի խոսքում ռեկտորը նշել է, որ մագիստրոսների դիպլոմների հանձնումը հանդիսավոր պայմաններում բուհի` ավանդույթ դարձած միջոցառումների շարքից է, որը նպատակ ունի արժևորել համալսարանի ամբողջ անձնակազմի, ծնողների և ուսանողների համատեղ աշխատանքը: Մ. Մինասյանը, կրթական համակարգի գերակա խնդիրը համարելով որակական առաջընթացի ապահովումը, որի ուղղությամբ հանրապետությունը, ի  դեմս պետական համալսարանի, որոշ քայլեր կատարել է, կոչ արեց  հետևողական լինենք նախանշված նպատակների իրականացման առումով:

«Վստահ եմ, որ անցած վեց տարիների ընթացքում զգացել եք այն բարենպաստ միջավայրը և  հոգատար վերաբերմունքը, որ բխում է համալսարանի որդեգրած քաղաքականությունից, որն էլ իր հերթին նպատակ ունի թողարկել մասնագիտական հմտությունների առանձնահատկություններին տիրապետող և բարոյապես դաստիարակված շրջանավրտներ»,- նշել է ռեկտորը: