Արցախի պետական համալսարան

 

DSC00182

-Պարո´ն Ավանեսյան, արդեն մեկ ուսումնական տարի է, ինչ ստանձնել եք գիտական և միջազգային գծով պրոռեկտորի պաշտոնը: Այս ընթացքում ի՞նչ խնդիրներ եք նկատել ու ինչպե՞ս եք պատկերացնում դրանց լուծման ուղիները:

-Այն, որ խնդիրներ կան, և դրանք բազմաթիվ են, միանշանակ է: Սակայն պետք է նշեմ, որ անցած ուսումնականն ավելի շատ ուսումնասիրման տարի էր

Այդ ուսումնասիրությունների հիման վրա կատարվել է վերլուծություն, որը ուղենշում է նկատված խնդիրների լուծման տարբերակներ: Այս առումով առաջիկայում կներկայացվեն կոնկրետ առաջարկություններ:

-Անցած ուսումնական տարվա ընթացքում հաստատվել են կանոնակարգեր, որոնց նպատակը ոչ միայն ուսումնառության գործընթացի թափանցիկությունն էր, այլև դրանք ենթադրում էին նորություններ: Ի՞նչ կասեիք այս կապակցությամբ:

-ԱրՊՀ-ն հետամուտ է ուսանողամետ քաղաքականությանը, ուստի, հիմնականում հիմնվելով ՀՀ փորձի վրա, փորձում ենք օպտիմալացնել համակարգը: 2014-15 ուսումնական տարում Գիտական խորհրդի հաստատմանն են ներկայացվել «Մագիստրատուրայի ընդունելության», «Հայցորդի ուսումնառության կազմակերպման պայմանների վերաբերյալ պայմանագրի նմուշի» և «Ասպիրանտուրայի, հայցորդության  ուսման վճարի տարեկան  չափերը» հաստատելու մասին կանոնակարգերը:

 «Մագիստրատուրայի ընդունելության» կարգով սահմանվել են մագիստրատուրայի ընդունելության հիմնական կանոնները` նախորդի համեմատ աննշան տարբերություններով: «Ասպիրանտուրայի, հայցորդության  ուսման վճարի տարեկան  չափերը հաստատելու մասին» կանոնակարգով ուսման վճարի տարեկան չափ է սահմանվել 200.000 ՀՀ դրամը: Հայցորդի ուսումնառության կազմակերպման պայմանների վերաբերյալ պայմանագիրը, որպես այդպիսին, նորություն է: Պայմանագրով, ելնելով համապատասխան իրավական ակտերից, սահմանվել են կողմերի իրավունքներն ու պարտականությունները, ուսման վճարի չափը, վճարման կարգըպայմանագրի գործողության ժամկետները, լուծման հիմքերը և այլն:

-2014-2015 ուսումնական տարվա մագիստրոսական թեզերի պաշտպանությունն արդեն անցյալում է: Եթե ամփոփելու լինենք արդյունքները, ինչպիսի գնահատական կտայիք:

- Եթե հիմք ընդունենք առաջադիմության ցուցանիշը, ապա պետք է ասել, որ ընդհանուր առմամբ արդյունքները գոհացուցիչ են` հաշվի առնելով այն, որ 188 մագիստրոսից 118-ը ստացել են «գերազանց» գնահատական, 42-ը` գերազանցության դիպլոմ: Սակայն եթե անդրադառնանք որակական կողմին, կտեսնենք, որ բավականին անելիքներ կան:

-Մի՞թե որակական կողմը չէ պայմանավորում գնահատականը:

-2014թ. Գիտական խորհրդի կողմից հաստատված «Մագիստրոսական թեզի ներկայացման և պաշտպանության» կարգը ենթադրում է մի շարք դրույթներ, որոնք, սակայն, հաճախ շրջանցվել են: Նկատելի են խախտումներ կապված թեմայի ընտրության, աշխատանքի կառուցվածքի, ձևավորման, նախապաշտպանության, պաշտպանության, գնահատման, հաշվառման և պահպանման պահանջների հետ երբեմն բացակայում է գիտականությունը: Թերություններ կան գիտական ղեկավարների և գրախոսների աշխատանքների հետ կապված: Նշված խնդիրներից խուսափելու համար մագիստրոսական թեզի նախնական, բայց կարևորագույն փուլից` թեմայի ընտրությունից սկսած ամբիոնները հետևողական աշխատանքներ պետք է տանեն աշխատանքի ճիշտ կազմակերպման ուղղությամբ: Այս առումով կարևոր է նաև գիտական ղեկավարի դերը, ուստի գիտական աշխատանք ղեկավարելու իրավունք պետք ունենան նրանք, ովքեր տիրապետում են գիտական ապարատին, իսկ մագիստրատուրա պետք է ընդունվեն միայն համապատասխան կարողություններ  ունեցող ուսանողներ:

-Համալսարանի ռեկտորի նախընտրական ծրագրում տեղ է գտել սերնդափոխության հարցը: Արդյո՞ք  հարցը լուծվում է ի հաշիվ բուհի ասպիրանտների և հայցորդների:

-Սերնդափոխության խնդիր իսկապես կա: Սակայն ասել, թե համալսարանը միջոցառումների առանձին փաթեթ է նախատեսել մասնագետների պակասը լրացնելու առումով, այնքան էլ չի համապատասխանի իրականությանըԱռայժմ խնդրին լուծում է տրվում դրսից մասնագետներ հրավիրելու տարբերակով: Բայց և չպետք է ժխտել այն հանգամանքը, որ համալսարանի ղեկավարությունը օժանդակում է իր հայցորդներին և ասպիրանտներին աշխատանքի տեղավորման հարցում: Այսօր ԱրՊՀ-ում գիտական գործունեություն են ծավալում բուհի հայցորդների ու ասպիրանտների զգալի մասը:

-ԱրՊՀ-ում գործում է Ուսանողական գիտական ընկերություն (ՈՒԳԸ): Կառույցի վերահսկվում է Ձեր կողմից, և վերջինիս գործունեության համար պատասխանատու եք նաև Դուք: Ինչո՞վ կբացատրեիք ընկերության պասսիվությունը:

-ՈՒԳԸ-ն այնքան էլ պասիվ չէ, որքան թվում է: Նրա հարաբերական լռությունը պայմանավորված է նախագահի` երկար ժամանակ թափուր պաշտոնի և նոր նախագահի ընտրության հետ: ՈւԳԸ նորընտիր նախագահը բավականին լուրջ և հեռանկարային ծրագիր է ներկայացրել, որից 3-4 ամիսների ընթացքում հաջողվել է իրականացնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ուսանողական միջբուհական գիտաժողով, մասնակցել ՀՀ բուհերի ՈՒԳԸ տարեկան նստաշրջաններին և կազմավորել բանավեճի ակումբ: Առաջիկայում սպասվում են նորություններ:

-Ինչպիսի՞ անելիքներ կան 2015-16 ուսումնական տարում, և ինչպիսի՞ ծրագրեր եք նախատեսում:

-Նախորդ հանդիպումներից մեկի ժամանակ առիթ եմ ունեցել ասելու, որ, տեղափոխվելով այս աշխատանքին, որդեգրել եմ այնպիսի քաղաքականություն, որի հիմքում եղել է «Որակի ապահովում» կարգախոսը: Ըստ այդմ` նախատեսում ենք գալիք ուսումնական տարում շեշտը դնել որակի վրա: