Արցախի պետական համալսարան

55e562e2474be SAM 3185

Հավատարիմ մնալով ավանդույթներին` ԱրՊՀ-ն այս տարի ևս առաջին կուրսեցիներին դիմավորեց հանդիսավորությամբ:

Նորաթուխներին դիմավորելու և շնորհավորելու էին եկել Արցախի հանրապետության ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, ԿԳ և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք:

Ուսումնական տարվա առաջին օրը խաղաղության դաս վարելու անանդույթը չխախտելով` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը ներկաներին շնորհավորեց ազգային տոնացույցում մասշտաբներով և մասսայականությամբ պայմանավորված կարևոր նշանակություն ունեցող Գիտելիքի և Անկախության տոն օրերի, իսկ առաջին կուրսեցիներին` Արցախի մայր բուհի ուսանողի կոչմանն արժանանալու կապակցությամբ:

Ռեկտորը հավաստիացրեց, որ շրջանավարտները ճիշտ ընտրություն են կատարել, քանզի կրթության որակի շարունակական բարելավումը, ուսումնական գործընթացի նպատակային կազմակերպումն ու ուսանողամետ ուսուցումը շարունակում են մնալ ԱրՊՀ գործունեության առանցքում:

«Այսօր էլ գիտելիքն ու կրթությունը ամենաթանկ կապիտալն են, երկրի և հասարակության զարգացման հիմնական  երաշխիքը, իսկ մեր երկրի ապագան պայմանավորված է կրթված երիտասարդներով: Այս առումով լուրջ առաքելություն ունի մայր բուհը, որտեղ քաղաքացիական բարձր պատասխանատվությամբ են մոտենում հարենասեր, առաջադեմ և լայնախոհ սերունդ կրթելու և դաստիարակելու գործին»,- նշել է Մ. Մինասյանը:

ԱԺ նախագահն իր ելույթում մի քանի բանաձևումներով անդրադարձել է ԼՂՀ անկախության պատմությանը՝ պարզաբանելով 1991թ. սեպտեմբերի 2-ի հռչակագրի ընդունման իրավաքաղաքական հիմունքները, անկախ պետականության կայացման և ամրապնդման գործընթացի իրողությունները` այս համատեքստում ընդգծելով համալսարանի դերը` շարժման առաջին օրերից մինչև մեր օրերը: Խորհրդարանի ղեկավարն ուսանողներին կոչ է արել առավելագույնս օգտագործել ուսումնառության տարիները՝ մասնագիտական պատրաստվածության բարձրացման համար, քանի որ միայն մրցունակ և ժամանակին համընթաց քայլող սերունդը կարող է կյանքի կոչել Արցախի զարգացման հեռանկարները
Անդրադառնալով ԶՈՒ կազմավորմանը, նրա զարգացման ու ներկայիս վիճակին` պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը ևս կոչ արեց քայլել ժամանակին համընթաց, ետ չմնալ տեխնոլագիական զարգացումներից, տիրապետել մասնագիտության նրբություններին և, համալրելով ԶՈՒ շարքերը, դրանք ծառայեցնել ի շահ հայրենիքի և նրա պաշտպանության:

Հյուրերն, ի դեպ, ավանդույթը չխախտեցին նաև համալսարանի ազատամարտիկ-ուսանողների կոթողին ծաղիկներ խոնարհելու ավանդույթը և, նախքան հանդիպումը, համլսարանականների ուղեկցությամբ հարգանքի տուրք մատուցեցին նրանց հիշատակին: