Արցախի պետական համալսարան

 SAM 3196 SAM 3200

Սեպտեմբերի 1-ին ԱրՊՀ-ում հյուրընկալվել էին Եվրոպայի ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսին, նույն դաշինքի անդամ, Եվրախորհրդարանի պատգամավոր  Ջորդի Սեբաստիան և Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Օչոան:

Ողջունելով հյուրերին` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանն իր երախտագիտությունը հայտնեց Արցախի հանրապետություն այցելության շրջանակներում համալսարան այցելելու և համալսարանականների հետ հանդիպելու համար, ապա հակիրճ ներկայացրեց համալսարանի պատմությունը, կառուցվածքը, միջազգային համագործակցությունը: Մ. Մինասյանը հույս հայտնեց, որ պատվիրակության այցելությունը համալսարանի հետագա հաջողությունների հնարավորություն կստեղծի:

Համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության հետ հանդիպմանը Ջ. Սեբաստիան, որ նաև լրագրությամբ է զբաղվում, հանդես եկավ «Ինչպե՞ս լուսաբանել բնականոն կյանքը հակամարտության պայմաններում» թեմայով դասախոսությամբ, որի ընթացքում Արցախի օրինակով առաջարկեց հակամարտության մեջ գտնվող երկրների բնականոն կյանքի լուսաբանման մի քանի թեզիսներ:

Լրագրողն առաջարկեց ուշադրություն դարձնել նախ այն հանգամանքին, որ պետք է դադարել Արցախը ներկայացնել իբրև հակամարտող երկիր, որովհետև Արցախն ինքը հակամարտություն չէ և վերջինիս հետ կապված ցանկացած լուսաբանում պետք է առավելապես շեշտի երկրի խաղաղ կյանքը, պատմամշակութային հարուստ ժառանգությունը, ազգային խոհանոցն ու ժողավրդավարական կայուն արժեքները:

«Արցախի կյանքը լուսաբանել հակամարտությունից դուրս, չի նշանակում ժխտել դրա առկայությունը: Միջազգային հանրության ուշադրությունն, անշուշտ, պետք է հրավիրել սահմանին տիրող իրավիճակի վրա, սակայն երբեք չսևեռվել, քանի որ Արցախն այսօր աշխարհին կարող է ներկայանալ ավելի հետաքրքիր կողմերով»,- նշել է Ջ. Սեբաստիան:

Լրագրողի կարծիքով շեշտը պետք է դնել Արցախի ժողովրդավարական կայուն և հաջողված մոդելի վրա, որով կարող է օրինակ ծառայել տարածաշրջանի մյուս երկրների համար. «Արցախի ժողովուրդը նվաճել է ազատ, ինքնիշխան ապրելու իրավունքը և իր ժողովրդավարական արժեքներով կարող է օրինակ դառնալ այլոց համար»:

Ըստ Եվրախորհրդարանի պատգամավորի, անհրաժեշտ է մշակել տեղեկատվական ճիշտ ռազմավարություն, որն ուղենիշ կլինի Արցախի հետ կապված բոլոր լուսաբանումների ժամանակ, ինչը կհանգեցնի միջազգային հարթակում դրական իմիջի ստեղծմանը, որն էլ իր հերթին կմեծացնի հետաքրքրվածությունը երկրի նկատմամբ: