Արցախի պետական համալսարան

11952865 1022370587774036 8529915305238086748 o 11896283 1022370384440723 4246002748811721498 o

Վերջին շրջանում Արցախի հանրապետություն կատարած պաշտոնական և ոչ պաշտոնական այցելությունների ընթացքում օտարերկրյա պատվիրակությունների կողմից ուշադրության կենտրոնում է պահվում մայր բուհը, ինչը պատահական չէ, քանզի այն հանդիսանում հանրապետության առաջատար գիտակրթական և մշակութային կենտրոնը:

Աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները սեպտեմբերի 4-ին հանդիպում են ունեցել ԱրՊՀ մի խումբ դասախոսների և ուսանողների հետ:

Պատվիրակության կազմում էին Ֆրանսիայի Սոցիալիստական խմբակցության ղեկավար,  ԱԺ պատգամավոր Բրունո Լերուն, խմբակցության քարտուղար Ֆրանսուազ Դյուման, նույն խմբակցության անդամներ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը ՀՀ-ից:

Նախքան հանդիպումը հյուրերը ծաղիկներ խոնարհեցին համալսարանի զոհված ուսանողների հուշակոթողին, ապա շրջեցին համալսարանում, ծանոթացան պայմաններին:

Հանդիպումը բացեց ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը: Ռեկտորն անդրադարձավ համալսարանի անցած ուղուն, ներկայիս վիճակին և միջազգային համագործակցությանը` համոզված լինելով, որ նմանատիպ այցելությունները համագործակցության նոր հորիզոններ կարող են բացել Արցախի առաջատար գիտակրթական օջախի համար:

Բրունո Լերուի կողմից Ֆրանսիայի Սոցիալիստական խմբակցության ուղղվածության, գաղափարների, Արցախ կատարած այցի և դրա հետ կապված հետագա  անելիքների մասին խոսելուց հետո ակտիվ երկխոսություն ծավալվեց համալսարանականների և պատվիրակության անդամների միջև: Հարցերն առավելապես վերաբերում էին քաղաքական դաշտում երկու երկրների հարաբերություններն, կրթության ոլորտում համագործակցությանը, հատկապես ուսանողների փոխանակությանը և այլն:

Հյուրերին առավելապես հետաքրքրում էր Արցախի երիտասարդների դիրքրոշումը Արցախի պատմության, ներկայի, ինչպես նաև ապագայի հետ կապված մի շարք հարցերում: Պատվիրակության ղեկավարի այն հարցին, թե ինչպե՞ս է այսօրվա երիտասարդը Արցախը տեսնում 10 տարի հետո, ուսանողները պատասխանեցին. «Ազատ, անկախ, միջազգայնորեն ճանաչված և տնտեսապես հզոր»: