Արցախի պետական համալսարան

SAM 3370 SAM 3373

Սեպտեմբերի 18-ին կայացել է ավանդական դարձած հանդիպումներից մեկը. Ռեկտոր Մանուշ Մինասյանը հանդիպել է առաջին կուրսեցիների հետ:

Շնորհավորելով մայր բուհի ուսանողի կոչմանն արժանանալու կապակցությամբ` Մ. Մինասյանը ներկաներին հավաստիացրեց, որ բուհի բոլոր ստորաբաժանումները, առաջնորդվելով կրթության որակի բարելավման և ուսանողամետ ուսուցման կազմակերպման սկզբունքով, պատրաստ են պատշաճ կազմակերպել ԱրՊՀ ուսանողի ուսումնառությունը, որի համար ստեղծված են բոլոր պայմանները` հմուտ պրոֆեսորադասախոսական անձնակազմ, կահավորված լաբորատորիաներ և կաբինետներ, գիտական և էլեկտրոնային գրադարաններ, ընթերցասրահներ:

«Հանդիսանալով հանրապետության գլխավոր գիտակարթական կենտրոնը` բուհն այսօր նպատակ ունի ոչ միայն թողարկել գիտելիքներով և հմտություններով զինված մասնագետ, այլև հասարակական ակտիվ դիրք ունեցող քաղաքացի, ուստի մեր գործունեությունը չի սահմանափակվելու միայն գիտակրթական առաջընթացի ապահովմանն ուղղված քայլերով»,- նշել է Մ. Մինասյանը:

Ռեկտորը ներկաներին հորդորեց անմասն չմնալ բուհի ներքին և արտաքին գործընթացներից և անմիջական մասնակիցը լինել ինչպես ձևավորված ավանդույթների պահպանմանը, այնպես էլ նորերի ձևավորմանը, քանզի «ուսանողամետ ուսուցումը ենթադրում է նաև այդ»:

Բուհի ղեկավարն անդրադարձավ ուսուցման կրեդիտային համակարգին, ուսանողների հետ կնքվող պայմանագրերին, ուսանողի իրավունքներին և պարտականություններին, կրթաթոշակների տրամադրման, զեղչերի, հանրակացարանում բնակվելու, դիմում-բողոքների կարգերին և այլն:

Ներկաների ուշադրությունը հրավիրվեց հատկապես կրթաթոշակների տրամադրման կարգին, որի դրույթները բխում են ԼՂՀ կառավարության համապատասխան որոշումից, որում հստակ սահմանված է կրթաթոշակի էությունը. կրթաթոշակը ֆինանսական խրախուսանք է, որը ենթադրում է ակադեմիական առաջադիմություն, պատշաճ վարքագիծ և հասարակական ակտիվություն: «Հիմք ընդունելով կառավարության որոշումը,- ասել է ռեկտորը,- ընթացիկ ուսումնական տարվանից կրթաթոշակ կտրամադրվի` հաշվի առնելով ոչ միայն ակադեմիական առաջադիմությունը, այլ նաև վարքագիծն ու հասարակական ակտիվությունը»:

Ընդհանրացնելով հանդիպումը` Մ. Մինասյանը ներկաներին կոչ է արել ուսումնասիրել գիտխորհրդի կողմից ընդունված կանոնակարգերը, որոնք տեղադրված են համալսարանի պաշտոնական կայքէջում` asu.am, տեղյակ լինել սեփական իրավունքներին ու պարտականություններին և դրանք կիրառել գործնականում:

Հանդիպման վերջում ռեկտորը պատասխանել է ուսանողների հարցերին, հաջողություններ մաղթել համատեղ աշխատանքում: