Արցախի պետական համալսարան-Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարան համագործակցության շրջանակներում հոկտեմբերի 2-3-ը ԱրՊՀ-ում հյուրընկալվել էր ՀՌՀ պավիրակությունը` ռեկտոր Արմեն Դարբինյանի գլխավորությամբ:
Ողջունելով պատվիրակությանը Արցախի մայր բուհում` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը կարևորեց նմանատիպ այցելությունների նշանակությունը, որը նպաստում է փոխգործակցության խորացմանն ու կրթության և գիտության որակի բարձրացմանը: Ռեկտորը նշեց, որ հանդիպման կարևորությունը մեծ է, հատկապես երբ «Համալսարանական օրեր Արցախում» ծրագրի մեծ մասը նախատեսված է կազմակերպել համալսարանում: Իսկ ծրագիրն ընդգրկում է հանդիպումներ, վարպետության դասեր, մշակութաժամանցային միջոցառումներ և այլն:
ՀՌՀ ռեկտոր Ա. Դարբինյանը շնորհակալություն հայտնեց պատրաստակամության և ջերմ ընդունելության համար և իր խոսքում նշեց, որ այցելությունն իրենց համար հերթականներց չէ, այլ` ոգու կանչ. «Ամեն անգամ Արցախ ենք գալիս ոգևորվելու, ոգեշնչվելու և դեպի հերթական հաղթանակներ ուղևորվելու… զարմանալին այն է սակայն, որ նպատակ ունենալով տալ և կիսվել, վերադառնալիս հասկանում ես, որ ավելի շատ ստացել, քան տվել ենք»:
Ա. Դարբինյանն ուրախությամբ նշեց նաև, որ այսօր ԼՂՀ ՊԲ շարքերը համալրում են նաև ՀՌՀ տասնյակ ուսանողներ, ովքեր ՀՌՀ ղեկավարության կողմից խրախուսվեցին պատվոգրերով:
Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը դատարկաձեռն չէր եկել. ի նշան հայոց լեզվի` որպես ժողովրդի ու պետության անքակտելի բաղադրիչի և կարևորագույն և բարձրագույն արժեքի, ռեկտոր Ա. Դարբինյանը Արցախի պետական համալսարանին նվիրեց «Հայկազեան բառգիրք» աշխատությունը:
ԼՂՀ ԿԳ և սպորտի նախարարության անունից ողջունելով ՀՌՀ պատվիրակությանը` փոխնախարար Արմեն Սարգսյանը խիստ կարևոր համարեց երկու բուհերի համագործակցությունը` առաջին հերթին այն դիտելով իբրև բարոյական աջակցություն` հատկապես վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած արյունալի գործողությունների համապատկերում:
«Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանը տարբեր ձևաչափերով, բայց միևնույն նպատակով արդեն որերորդ անգամ Արցախ է այցելում` իր նպաստը բերելով բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության զարգացմանը»,- հավելել է փոխնախարարը:
Հանդիպմանը ներկա էին ԱրՊՀ-ականներ և ՀՌՀ-ականներ, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ, հյուրեր: