Արցախի պետական համալսարան

SAM 3506 SAM 3497

ԱրՊՀ առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունն այս տարի տեղի ունեցավ հոկտեմբերի 1-ին` արցախյան պատերազմում զոհված ուսանող-ազատամարտիկների հուշակոթողի մոտ:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԿԳ և սպորտի նախարար Սլավիկ Ասրյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, Շուշիի Սբ. Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Անդրեաս քահանա Թավադյանը, համալսարանականներ, ծնողներ, հյուրեր:

Նախքան արարողության հանդիսավոր բացումը, ներկաները հարգանքի տուրք մատուցեցին`  ծաղիկներ խոնարհելով համալսարանի զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Չնայած արարողության ավանդական ձևաչափի պահպանմանը` նորություններ ևս կային: Համալսարանի հինգ ֆակուլտետների ամենաբարձր միավորներով բուհ ընդունված ուսանողներն անձամբ պատրաստեցին  զոհված 72 ուսանողների հիշատակը հավերժացնող ծաղկեպսակը` ի նշան նրանց արյան ու գենի ժառանգության:

Խորհրդանշական այս արարողակարգին հաջորդեց առաջին կուրսեցիների երդումը: Այս տարի բոլոր առաջին կուրսեցիների անունից  երդումը հնչեցնելու պատասխանատվությունը վստահված էր տնտեսագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողուհի Աննա Բաբայանին: Նրանք երդվեցին չընկրկել գիտելիքներ ձեռք բերելու ճանապարհին,  արժանի հետևորդը լինել ավագ եղբայների սկսած պայքարի և երաշխավորը` նրանց արյան գնով ձեռք բերած անկախությանը:

Հիշարժան օրվա կապակցությամբ առաջին կուրսեցիներին շնորհավորեց ռեկտոր Մ. Մինասյանը, ով հորդորեց արդյունավետ օգտագործել ուսումնառության տարիները և դառնալ հմուտ մասնագետներ ու նվիրյալ հայրենասերներ: Բուհի ղեկավարն իր խոսքում հավաստիացրեց, որ համալսարանի բոլոր ստորաբաժանումները պատրաստ են աջակցելու ուսանողին ճիշտ և արդյունավետ կազմակերպելու ուսումնական գործընթացը:

Կարևորելով օրվա խորհուրդը` ԱԺ նախագահ Ա. Ղուլյանը ևս շնորհավորեց նշանակալի իրադարձության` երդման կապակցությամբ և հույս հայտնեց, որ առաջիկայում նրանք համալրելու են հանրապետության կայացած մասնագետների շարքը` իրենց ունակություններն ի սպաս դնելով երկրի հզորացման սուրբ գործին. «Այսօր մենք կարիք ունենք գիտելիքներով զինված և բնիմաց երիտասարդների, ովքեր յուացնելով տեղական և համաշխարհային գիտության փորձը, կկանգնեն Արցախի շենացման և բարգավաճման ակունքներւմ»:

ԼՂՀ ԿԳ նախարարի` ուսանողներին ուղղված մաղթանքը լավագույն մասնագետ դառնալն ու տրված երդմանը հավատարիմ մնալն էր: «Ուսանողական տարիներն ամենավճռական տարիներն են, ուստի կոչ եմ անում լիարժեք օգտագործել դրանք և գիտակցել, որ սահմանին տիրող իրավիճակի լավագույն պատասխանը կարող է լինել մասնագիության հմտություններին տիրապետող և բազմակողմանիորեն զարգացած  քաղաքացին` ի դեմս ձեզ»,- նշել է Ս. Ասրյանը:

Բարձր կուրսեցիների անունից առաջին կուրսեցիներին նորամուտի կապակցությամբ շնորհավորեց տնտեսագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի, նախագահի կրթաթոշակի արժանացած Լիլիթ Դադայանը: Ուսանողուհին ավագ ընկերոջ իրավունքով պատգամեց արժանի կրողն ու շարունակողը լինել համալսարանական ավանդույթների: «Մասնագիտական բարձունքներին հասնելու ճանապարհին պետք է լինել համարձակ` նախաձեռնություններում և վճռական` գիտելիք ստանալու հարցում»,- հորդորեց նա:

Միջոցառումն ավարտին մի խումբ առաջին կուրսեցիներ պատիվ ունեցան ուսանողական տոմսեր ու ստուգման գրքույկներ ստանալ ԱԺ նախագահից, նախարարից և ռեկտորից:

Արարողությանն իր օրհնությունն էր բերել Տեր Անդրեաս Թավադյանը:

SAM 3553 SAM 3572 SAM 3579 SAM 3589