Հայկ Դեմոյանի` Արցախ կատարած այցի շրջանակներում ԱրՊՀ ճեմասրահում բացվել է «Երբ վկայում են օտար աղբյուրները» խորագրով ցուցահանդես` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հ. Դեմոյանը այցելուներին ներկայացրել է Հայոց ցեղասպանության առնչությամբ արտասահմանյան մամուլի արձագանքներից պատառիկներ, որոնցում ուշագրավ մի փաստ չվրիպեց ներկաների աչքից: Արտասահմանյան մի շարք հեղինակավոր լրատավամիջոցներ ոչ միայն անդրադարձել են Հայոց ցեղասպանությանը, այլև ցեղասպանական գործողությունների վայրը Հայաստան անվանել, ինչը տարածաժամանակային առումով բավականին խոսուն և անշրջանցելի փաստ է:
Ցուցադրված նմուշներում արտացոլված էին արտասահմանյան երկների իրազեկվածությունը հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճրագործություններին և վերջիններիս նպատակային անտարբերությունն ու լռությունը` ի շահ արտաքին քաղաքականության և տնտեսության:
Թանգարանի տնօրենը խոստացավ թանգարանի ֆոնդից որոշ նմուշներ տրամադրել Արցախում գործող թանգարաններին: