Արցախի պետական համալսարան

SAM 4172 SAM 4194

Հոկտեմբերի 19-ին ԱրՊՀ իրավագիտության բաժնի մի խումբ ուսանողների և դասախոսների հետ հանդիպել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Ողջունելով հյուրին` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն է հայտնել այցելության և հանդիպման համար: Ռեկտորը նշել է, որ բուհի ղեկավարությունը կարևորում է հանդիպումները ՀՀ և ԼՂՀ հասարակական, քաղաքական, մշակութային և այլ գործիչների հետ և պարբերաբար անձամբ է հանդես գալիս նման նախաձեռնություններով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հանդիպման ընթացքում ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքային գործունեությունը, ընդգրկման ոլորտներն ու գործառույթները. «Մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից մարդու խախտված իրավունքների ու ազատությունների պաշտպանությունը։ Այսօր մարդու իրավունքների պաշտպանն իրականացնում է հետևյալ գործառույթները` դիտորդական, միջնորդական, պաշտպանողական և ուղղորդող: Հիմնական գործառույթը, սակայն, միջնորդությունն է հասարակության և պետության միջև»,- ասել է օմբուդսմենը:

Զրույցի ձևաչափով անցկացված հանդիպման ընթացքում Կ. Անդրեասյանը խոսել է նաև իր անցած մասնագիտական ճանապարհից` ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետից մինչև Նիդերլանդների եվրոպական լրագրության կենտրոն, դասախոսական և լրագրողական կարիերայից մինչև մարդու իրավունքների պաշտպան: Անդրադառնալով բուհական համակարգին` օմբուդսմենը զուգահեռներ է անցկացրել ՀՀ-ում և դրսում ստացած կրթության միջև. «Այսօր մենք «կոնֆլիկտ ստեղծելու խնդիր ունենք», որովհետև հենց այդ կոնֆլիկտի մեջ կարելի է գտնել իրական ճանապարհը»:

Կ. Անդրեասյանը  հանդես է եկել նաև համագործակցության առաջարկությամբ: Նա բուհի ղեկավարությանն առաջարկեց մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում կազմակերպել համապատասխան բաժնի ուսանողների ամառային փորձուսուցումը` հիմք ընդունելով դիմող ուսանողների մոտիվացիոն նամակները: Բացի այս ՀՀ օմբուդսդմենը առաջարկեց մասնակից դառնալ նաև ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ իրկանացվելիք ծրագրերին, մասնավորապես` դասընթացներին և փորձագիտական միջոցառումներին:

Հանդիպումն եզրափակվել է ներկաների միջև ծավալված ակտիվ հարց ու պատասխանով:

Հանդիպմանը ներկա էր նաև ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանը: