Արցախի պետական համալսարան

gitajoxov

Հոկտեմբերի 19-ից 24-ը Մինսկի Բելառուսի պետական տեխնոլոգիական համալսարանում տեղի ունեցած «Անտառային ֆիթոպաթոլոգիայի և միկոլոգիայի հիմնախնդիրները» IX միջազգային գիտաժողովին մասնակցում էր նաև ԱրՊՀ կենսաբանության ամբիոնի դոցենտ, կ.գ.թ. Գայանե Մարգարյանը:

 «Բելառուսի անտառները` արտադրողականության, կայունության և արդյունավետ օգտագործման համար» պետական գիտական եւ տեխնիկական ծրագրի շրջանակներում կազմակերպված և Ն. Ի. Ֆեոդորովի ծննդյան 90-ամյակին նվիրված գիտաժողովն մասնակցում էին  12 երկրների ավելի քան 60 գիտնականներ, ովքեր զբաղվում են անտառների պաշտպանությամբ և դրա վերաբերյալ հետազոտական աշխատանքներով:

«Մասնախմբային և կլոր սեղանների շուրջ կազմակերպած քննարկումների արդյունքում մասնակիցները հրատապ լուծման մի շարք խնդիրներ են քննարկել, որոնք պահանջում են ոչ միայն առանձին երկրների, այլև միջազգային մակարդակի գիտնականների կենտրոնացված ուշադրություն»,- մանրամասնել է գիտաժողովի մասնակիցը:

Գ. Մարգարյանը համաժողովում հանդես է եկել «Նյութեր Լեռնային Ղարաբաղի միկոբիոտայի (ժանգասնկեր) ուսումնասիրության վերաբերյալ»  գիտական զեկույցով: Աշխատանքի գիտական որակը և ներկայացման  պատշաճ մակարդակը մի կողմ թողնելով` անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ անջրպետներին, որոնք հաղթահարել է մասնակիցը նախքան Մինսկում հայտնվելը և հայտնվելուց հետո:

Նշենք, որ դժգոհությունների և անհամաձայնությունների տեղիք է տվել Գ. Մարգարյանի ներկայացրած երկիրը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, զբաղվածության վայրը` Արցախի պետական համալսարան, ապա նաև` վերջինիս կողմից ներկայացված զեկույցի թեման: Գիտաժողովի կազմկոմիտեի ազգությամբ թուրք անդամը, չհաջողելով  խոչնդոտել չճանաչված պետության ներկայացուցչի մասնակցությունը,  փորձել է ճնշումներ գործադրել զեկույցի ներկայացման ընթացքում: Սակայն հերթական անգամ ձախողվել են նրա անփառունակ փորձերը:

Հատկանշական է, որ Գ. Մարգարյանը, նախքան բուն զեկուցմանն անցնելը, տեղեկություններ է հաղորդել ԼՂՀ տեղակայվածության, քարտեզի, պատմաշակութային, տեսարժան վայրերի և այլնի մասին, ինչը ևս անտարբեր չի թողել թուրք գիտնականին:

Գ. Մարգարյանի մանակցությունը Մինսկում կայացած միջազգային գիտաժողովին, ի դեպ, իրականություն է դարձել ԼՂՀ և ՀՀ ԵԳՄ համագործակցության և ՀՀ նախագահի ֆինանսավորման արդյունքում: