Արցախի պետական համալսարան

ab1 ab

Նոյեմբերի 3-ն ԱրՊՀ մի խումբ ուսանողների հետ հանդիպել է «Արցախբանկ» ՓԲԸ վարչության նախագահ, գործադիր տնօրեն Արթուր Մխիթարյանը:

Ողջունելով հյուրին` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը անդրադարձել է վերջերս «Արցախբանկ»-ի տարածած հայտարաությանը, որով առաջարկվում է պրակտիկ ուսուցման ծրագիր:  Ծրագրին կարող են մասնակցել տարբեր բաժինների ավարտական և մագիստրատուրայի ուսանողներ: Ռեկտորը կարևորել է նման նախաձեռնությունները, որոնք հնարավորություն են տալիս ուսանողին ինքնուրույն քայլեր անել աշխատանքի տեղավորման հարցում` հիմնվելով բացառապես սեփական գիտելիքների վրա:

Արթուր Մխիթարյանը նախ համառոտ ներկայացրել է «Արցախբանկ»-ի հիմնական գործառույթները, կառուցվածքը, առաջիկայում սպասվող կառուցվածքային և կադրային ռեսուրսների համալրման քաղաքականության փոփոխությունները, ապա ներկաների ուշադրությունը հրավիրել է ուսուցման ծրագիրն: «Ծրագիրը առաջին հերթին հնարավորություն է տալու ծանոթանալ բանկի գործունեությանը, ընդհանուր պատկերացում կազմել բանկի արժեքային համակարգի, բիզնես սկզբունքների, վարվեցողության կանոնների և հիմնական քաղաքականության վերաբերյալ, ապա`  ի լրումն ստացած տեսական գիտելիքների` ձեռք բերել նաև կիրառական գիտելիքներ»,- նշել է նա:

Ա. Մխիթարյանի խոսքով փորձուսուցմանը մասնակցելու են հիմնական 20 դիմորդներ: Այսինքն` նախքան փորձուսուցման սկսելը դիմորդները պետք է անցնեն մի քանի փուլ. ներկայացնեն համապատասխան էսսե և լրացնեն դիմում-հայտ, այնուհետև կողմնորոշիչ հանդիպում, հարցազրույց և այլն:

Բուն փորձուսուցման մսանակիցները նախապես հստակեցված ժամկետներում կծանոթանան բանկի գործնեության հիմնական ուղղություններն և թիրախային բաժիններում աշխատելու հնարավորություն կունենան: Սահմանված ժամանակահատվածի ավարտից հետո մասնակիցները հանդես կգան համապատասխան ներկայացումներով` իբրև հաշվետվություն: Հաշվի առնելով ներկայացման որակը և մասնակցի ունակություններն ու հետաքրքրությունները` բանկը հաշվառելու է նրանց տվյալները: Իսկ սա նշանակում է, որ մեծ է նույն բանկում աշխատանքի տեղավորվելու հավանականությունը:

Բանկի ղեկավարը պատասխանել է ներկաների հարցերին և հորդորել ուսուցման բոլոր փուլերում լինել ազատ, անկաշկանդ, զերծ մնալ միապաղաղ և միատեսակ մտքերից ու գաղափարներից, հանդես գալ նորարական մոտեցումներով:

Հանդիպման վերջում ռեկտորը հույս հայտնեց, որ ուսանողների մեծամասնությունը արձագանքելու է հայտարարությանը, մասնակցելու դասընթացին և հաջողության դեպքում համալրելու բանկի  կադրային ռեսուրսների շարքը: