Արցախի պետական համալսարան

git.xorhurd gitxorhurd

Նոյեմբերի 9-ին կայացած գիտական խորհրդի նիստում օրակարգային էր նաև Համաձայն «ԱրՊՀ Ուսանողների առաջադիմության արդյունքների հաշվառման և մրցույթի անցկացման» կարգի որոշ դրույթների վերանայումը:

Համաձայն «ԱրՊՀ Ուսանողների առաջադիմության արդյունքների հաշվառման և մրցույթի անցկացման» կարգի, հիմք ընդունելով բարձր առաջադիմությունը և սոցիալական խումբը, ԱրՊՀ կողմից բակալավրի և մագիստրատրոսի համար սահմանված միջին որակական գնահատականի շեմը հաղթահարելու դեպքում ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում կիրառվում է`

  • 23 տարին չլրացած միակողմանի ծնողազուրկ ուսանողների նկատմամբ` առնվազն 50%,
  • մինչև մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողների նկատմամբ` առնվազն 50 %,
  • երեք և ավելի անչափահաս, երեք և ավելի ուսանող երեխա ունեցող ընտանիքների ուսանողների նկատմամաբ` առնվազն 30 %,
  • ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված, երկու կիսամյակ անընդմեջ առավել բարձր առաջադիմություն ցուցաբերած ուսանողների նկատմամբ, որոնք ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցման համար անցկացված փոխատեղման մրցույթի արդյունքում զրկվել են նպաստի իրավունքից մինչև 0.1 միավոր տարբերությամբ` առնվազն 50 %:

Ըստ «ԱրՊՀ ուսանողներին կրթաթոշակ տրամադրելու կարգի», կրթաթոշակ տրամադրվում է այն ուսանողներին, որոնց ՄՈԳ-ը տվյալ ուսումնական կիսամյակում ցածր չէ 13.00-ից`բակալավրի համար և 14.00-ից` մագիստրոսի համար, իսկ հասարակական ակտիվության և պատշաճ վարքագծի գնահատականը` 10.00-ից: Սա չի վերաբերում առաջին կուրսի ուսանողներին, որոնց համար կրթաթոշակ սահմանվում է ընդունելության արդյունքներով:

Ուսանողը հասարակական ակտիվության միավորներ կարող է վաստակել ակտիվ գործունեության համար: Ակտիվությունը ենթադրում է որոշակի դերակատարություն միջոցառման պլանավորման, կազմակերպման, ապահովման, իրականացման, լուսաբանման աշխատանքներում, որի համար ուսանողը կարող է վաստակել առավելագույն միավորներ` 0.5 քայլովՊասիվ մասնակցության համար կարող է տրվել նախատեսված միավորների կեսից ոչ ավելին` 0.25 քայլով:

Ակտիվությունը գնահատվում է ուսանողական ինքնակառավարման մարմինների աշխատանքներին մասնակցելու, ուսումնագիտական, համալսարանական և արտահամալսարանական ակտիվության, նախաձեռնողականության և պատշաճ վարքագծի համար: Լրացուցիչ միավորներ ուսանողին կարող է տրվել այնպիսի գործունեության համար, որը նախատեսված չէ սույն կարգով, սակայն ենթադրում է ակնհայտ ակտիվություն:

Եթե ակտիվության գնահատման որևէ բաղադրիչով ուսանողը վաստակել է սահմանված շեմից ավելի միավորներ, ապա տրվում է շեմը չգերազանցող միավոր: Ուսանողի ակտիվ մասնակցության հաշվարկման համար հիմք են հանդիսանում ձևավորված ցուցակները` կազմակերպչի ստորագրությամբ, ուսանողական կուրսերի (խմբերի) ավագների, ՖՈՒԽ նախագահի և ՖՈՒԳԸ նախագահի, ԱրՊՀ ՈՒԽ և ՈՒԳԸ նախագահների, ՈՒՀՏԱ, ՀԿ և Լ բաժնի պետի գրավոր վկայությունները: Կարգապահական տույժ ունեցող ուսանողների հասարակական ակտիվությունը չի հաշվարկվում` մինչև տույժի ժամկետը լրանալը:

Ուսանողի հասարակական ակտիվությունը և պատշաճ վարքագիծը գնահատվում է 20 միավորանոց համակարգով և հաշվարկվում է հետևյալ կերպ.

ա) ուսանողական ինքնակառավարում` մինչև 5 միավոր

  • կուրսի (խմբի) ավագությունը (2 միավոր),
  • ակտիվ մասնակցությունը ֆակուլտետի ուսանողական ինքնավար մարմինների (ՖՈՒԽ, ՖՈՒԳԸ) ֆակուլտետի խորհրդի աշխատանքներին, (մինչև 2 միավոր),
  • ակտիվ մասնակցությունը համալսարանական ուսանողական ինքնավար մարմինների (ՈՒԽ, ՈՒԳԸ), և ԱրՊՀ կառավարման մարմինների աշխատանքներին (մինչև 3 միավոր),

բ) ուսումնական-գիտական ակտիվությունը` մինչև 5 միավոր

  • ակտիվ մասնակցությունը ներբուհական, միջբուհական ուսանողական գիտաժողովներին (մինչև 2 միավոր),
  • ակտիվ մասնակցությունը ինտելեկտուալ խաղերին, մրցույթներին, առարկայական օլիմպիադաներին, կազմակերպվող դասախոսություններին, քննարկումներին (մինչև 2 միավոր),
  • զանգվածային լրատվամիջոցներում տպագրված զեկուցումների, թղթակցությունների առկայությունը (մինչև 2 միավոր),
  • գիտական ամսագրերում, տեղեկագրերում հրատարակված հոդվածների առկայությունը` (մինչև 3 միավոր),

գ) համալսարանական և արտահամալսարանական ակտիվությունը` մինչև 4 միավոր

  • ակտիվ մասնակցությունը նախասիրական ակումբներին, խմբակներին (մինչև 2 միավոր),
  • ակտիվ մասնակցությունը ամբիոնի, ֆակուլտետի և բուհի կազմակերպած մարզամշակութային միջոցառումներին` գրական, երաժշտական, ստեղծագործական, մշակութային միջոցառումներին, սպորտային մրցումներին, երթերին, ճամբարներին, էքսկուրսիաներին, երեկոներին, ցերեկույթներին, ցուցահանդեսներին, մրցույթներին, փառատոններին (մինչև 2 միավոր),
  • մասնակցությունը ամառային դպրոցների, ճամբարների, շաբաթօրյակների աշխատանքներին (մինչև 1 միավոր),
  • ակտիվ մասնակցությունը արտահամալսարանական միջոցառումներին` հանրային երթերին,  պետական ու քաղաքական գործիչների, գիտության, մշակույթի, սպորտի, պաշտպանության, գործարար ոլորտի ճանաչված ներկայացուցիչների հետ հանդիպումներին, ԱրՊՀ հետ համագործակցող գերատեսչությունների կազմակերպած միջոցառումներին (մինչև 1 միավոր),

դ) ուսումնական-գիտական, հասարակական,  ստեղծագործական նախաձեռնողականությունը` այդ թվում` հանրային նշանակության միջոցառումների ծրագրերի մշակումը և ներկայացումը, նորարարական առաջարկությունները (մինչև 2 միավոր),

ե) պատշաճ  վարքագիծը` ԱրՊՀ ներքին կարգապահական կանոնների հստակ կատարումը` (մինչև 4 միավոր),

զ) լրացուցիչ (տրվում է ՈՒՀՏԱ, ՀԿ և Լ բաժնի կողմից)` սույն կարգով չնախատեսված, սակայն ակնհայտ ակտիվ գործունեությունը` մինչև 2 միավոր` չգերազանցելով առավելագույն 20 միավորը: