ԵՐԿՐԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱՅՐ ԲՈՒՀԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՀԵՏ

01.12

2015

IMG 2673

Դեկտեմբերի 1-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հանդիպել է Արցախի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողության հետ:

Հանդիպմանը ներկա ԼՂՀ ԱԺ պատգամավորները, պետական բարձրաստիճան այրերը, համալսարանի ղեկավարությունը, պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմը նախքան հանդիպումը ծաղիկներ են խոնարհել համալսարանի զոհված ուսանող-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Բացելով հանդիպումը` ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը երկրի նախագահին ողջունել է մայր բուհում և շնորհակալություն հայտնել համալսարանի հանդեպ ցուցաբերած հոգածության համար: Ռեկտորը կարևորել է հանրապետության նախագահի հետ հանդիպումները: «Նման հանդիպումները ոչ միայն պետության կողմից իրականացվող ծրագրերի մասին տեղեկանալու հնարավորություն են տալիս, այլ` նաև կենդանի շփում են ապահովում»,- ասել է Մ. Մինասյանը:

Նախագահ Բակո Սահակյանը ևս կարևորել է հանդիպումները բուհի անձնակազմի հետ. «Չափազանց բարձր եմ գնահատում հանդիպումները համալսարանականների հետ: Դրանք յուրահատուկ հարթակ են օգտակար քննարկումների ծավալման, կարծիքների արտահայտման, առաջարկների ներկայացման համար»:

Անդրադառնալով կրթության ու գիտության որակի բարձրացման ուղղությամբ  իրականացվող պետական ծրագրերին`Բակո Սահակյանը պատահական չհամարեց պետության կողմից կրթությանը դարձվող ուշադրությունը, որը դրսևորվում է ամենատարբեր ծրագրերի իրականացմամբ և  ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցներով: «Այս տարի պետբյուջեից կրթության ոլորտին հատկացվող դրամական միջոցները աճել են 25%-ով: Նախատեսվում է 2016 թվականին Արցախի պետական համալսարանին հատկացնել հինգ հարյուր միլիոն դրամ` ընթացիկ տարվա երեք հարյուր քառասունչորս միլիոնի փոխարեն»,- նշել է նախագահը:

Երկրի ղեկավարը 2007-2015 թվականների ցուցանիշներն է ներկայացրել, որոշ ուղղությունների օրինակով համեմատել վիճակագրական տվյալներն ու փաստացի արդյունքները: Ցուցանիշների ներկայացումից հետո նախագահը պատասխանել է ներկաների հարցերին:

Համալսարանականներին հուզող հարցերը բազմաթիվ էին ու բազմազան: Նախագահին ուղղված հասարակական, քաղաքական, սոցիալական բնույթի հարցերի առանցքում Արցախն էր Ռուսաստան-Թուրքիա հակամարտության համատեքստում, այս առումով Արցախի տնտեսության զարգացման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները, Իրանի հետ ունեցած տնտեսական կապերը, սահմանում տիրող իրավիճակի սրման վերաբերյալ հարևան երկրների կողմից արվող ահաբեկիչ հայտարարությունները, երկրի անվտանգությունը, կառավարության կողմից իրականացվող սոցիալական ուղղվածության ծրագրերը, ՀՀ սահմանադրական փոփոխությունների օրինագիծի տեղայնացման հավանականությունը, կառավարման համակարգի օպտիմալացման քաղաքականությունը, ինչպես նաև համալսարանի մի շարք օրախնդիր հարցեր:

Հնչեցված բոլոր հարցերին նախագահ Սահակյանի կողմից տրվեցին փաստացի պատասխաններ:

Այսպես, արտաքին ազդեցություններից ԼՂՀ տնտեսությունը պաշտպանելու ուղղությամբ ինչպիսի քայլեր են ձեռնարկվում հարցին ի պատասխան նախագահը ներկայացրել է հանրապետության տնտեսության վերջին տարիների զարգացումներն ու համապատասխան ցուցանիշները: «Պետականության կերտման ճանապարհին բազմաբնույթ խոչընդոտներ ենք հաղթահարել, այդ թվում` տնտեսական: Այնուամենայնիվ, մեր քայլերը համարձակ են և իրատեսական այնքանով, որ այսօր մենք ոչ միայն դիմակայում ենք, այլև` հաջողություններ գրանցում,- ասել է նախագահը: Հավանական է, որ տարին կեզրափակենք 9% տնտեսական աճով»:

Հաջողությունները, սակայն, սոսկ տնտեսագիտական հաշվարկների արդյունք չեն. «Դա համապատասխան ոլորտների պատասխանատուների գիտակցական վերաբերմունքի, քրտնաջան աշխարանքի և, որ ամենակարևորն է, զինված ուժերի շնորհիվ է»,- նշել է Նախագահը: