ԱրՊՀ-ՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐԸ

24.11

2015

bank

ԱրՊՀ տնտեսագիտության և ճարտարագիտության ֆակուլտետում նոյեմբերի 24-ը նշանավորվել է բանկային համակարգի աշխատողի օրվան նվիրված ուսանողական գիտական ընթերցումներով:

 

Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, պրոռեկտորներ, բանկերի կառավարիչներ, ոլորտի առաջատար մասնագետներ, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողներ:

Ֆինանսահաշվային ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպված գիտական ընթերցումներով ընդգծվել է բանկային համակարգի կարևորությունը և բանկային աշխատողների զգալի ներդրումը Արցախի տնտեսության զարգացման ու նրա ֆինանսական կայունության ապահովման գործում:

Տոնի օրվա ընտրությունն, ի դեպ, պայմանավորված է նրանով, որ 1993թ.-ի նոյեմբերի 22-ին Հայաստանի տարածքում շրջանառությունից դուրս եկան ԽՍՀՄ պետական բանկի 1000-ոց, 5000-ոց ու 10000-ոց ռուսական ռուբլիները, որոնց փոխարեն շրջանառության մեջ դրվեցին 10, 25, 50, 100 ու 200 դրամանոց թղթադրամները:

Ուսանողական գիտական ընթերցումներն առնչվում էին բանկային համակարգի ծագման, մետաղադրամների և թղթադրամի շրջանառության պատմությանը և, առհասարակ, բանկային համակարգին առնչվող համակարգերին` վարկային կազմակերպություններին, ապահովագրությանը, գրավատներին, արժեթղթերի և արժութային շուկային, վճարահաշվարկային կազմակերպություններին, դրամական փոխանցումներին  և այլն:

Բանախոսներն իրենց զեկուցումներում անդրադարձան ՀՀ-ում և ԼՂՀ-ում բանկային գործունեություն իրականացնող ֆինանսական կառույցների համակարգի ընդհանուր բնութագրին, նաև` առանձին բանկերի գործառնություններին` ներկայացնելով դրանց ամփոփ ցուցանիշները:

Մ. Մինասյանը, ում աշխատանքային կենսագրությունը սկսվել է բանկային համակարգիցկարևորել է բանկային համակարգի աշխատողի օրը պետական օրացույցում ընգգրկելու փաստը: Ռեկտորը նաև ողջունելի է համարել  ուսանողների ջանքերով միջոցառման կազմակերպումը, քանի որ դրանք նրանց մասնագիտական կարողությունների և վերլուծական մտքի զարգացմանն ուղղված լրացուցիչ ազդակներ են:

Միջոցառման վերջում ներկաների միջև ծավալել է բանավեճ-քննարկում, որի ընթացքում բանկային ոլորտի կայացած մասնագետներն ու սկսնակները փոխանակվել են կարծիքներով: