ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ

26.11

2015

SAM 5110

Նոյեմբերի 26-ին ԱրՊՀ-ում դասախոսների և ուսանողների մասնակցությամբ կազմակերպված գիտաժողովի ընթացքում քննարկվել են շինարարության արդի խնդիրներ:

Գիտաժողովին ներկա էին ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, ԼՂՀ քաղաքաշինության նախարարի տեղակալներ Պավել Նաջարյանը, Արմեն Մկրտչյանը, նախարարության առաջատար մասնագետ Դավիթ Թավադյանը, պրոռեկտորներ, դասախոսներ, ուսանողներ:

Գիտաժողովում բացման խոսքով հանդես եկավ քաղաքաշինության ամբիոնի վարիչ Ռուդոլֆ Իսրայելյանը, ով կարևորեց ամբիոնի դերը համապատասխան ոլորտի որակյալ կադրերի պատրաստման գործում և հավաստիացրեց, որ բուհն անում է հնարավորը, որպեսզի թողարկի տեսական և գործնական գիտելիքներով ու հմտություններով զինված մասնագետներ:

Գիտաժողովում դասախոսների և ուսանողների կողմից քննարկվել են արդիական  այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են շինարարության նորմատիվային տևողության փոփոխման կանխատեսումը լեռնային պայմաններում, շինարարական թափոնների վերամշակումն ու դրա իրականացման ժամանակակից եղանակները, արևմտյան երկրներում ավտոճանապարհների կառուցման փորձի տեղայնացումը և այլն:

Ուշագրավ էին հատկապես ուսանողների զեկույցները, որոնցում նրանք անդրադարձել էին առավելապես Դելֆիի մեթոդին և դրա տեղայնացման հնարավորություններին:

«Դելֆիի մեթոդի կիրառմամբ մենք մաթեմատիկական պարզագույն գործողությունների արդյունքում կարող ենք նոր հիմքերի վրա դնել տեղական շինարարությունն ու առավել լուրջ ու նպատակային կանխատեսումներ անել շինարարության ընթացքի վերաբերյալ»,- նշել է գիտաժողովի մասնակից Գևորգ Զաքարյանը:

Գիտաժողովի մասնակից ուսանողներից Հայկ Մնացականյանը ներկայացրել է Դելֆիի մեթոդի կիրառման հնարավորություններն ու ալգորիթմական հաշվարկման բլոկ-սխեմայի միջոցով ապացուցել դրանց իրատեսական լինելը:

Գիտաժողովի վերջում տնտեսագիտության և ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Ռ. Մանգասարյանը կատարված հետազոտական աշխատանքների համար շնորհակալություն է հայտնել հատկապես ուսանողներին. «Այսպիսի միջոցառումները ուսանողների ինքնադրսևորման համար լավագույն հնարավորություններից են, ուստի պետք է հնարավորինս նպաստել նրանց հետազոտական մտքի զարգացմանը»,- ասել է Ռ. Մանգասարյանը: