Դեկտեմբերի 9-ին ԼՂՀ գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը հանդիպել է ԱրՊՀ իրավագիտության բաժնի ուսանողների և դասախոսների հետ:
Բացելով հանդիպումը ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը երախտագիտություն է հայտնել Ա. Մոսիյանին հրավերն ընդունելու համար, ապա ներկայացրել վերջինիս աշխատանքային կենսագրությունը:
Ա. Մոսիյանը, ողջունելով նման հանդիպումները, իր հերթին շնորհակալություն է հայտնել հրավերի համար և հավաստիացրել, որ պատրաստ է պարբերաբար հանդիպումներ ունենալ ինչպես իրավաբանության, այնպես էլ մյուս բաժինների ուսանողների հետ:
Գլխավոր դատախազը հակիրճ ներկայացրել է ԼՂՀ գլխավոր դատախազության կառուցվածքը, ստորաբաժանումներն ու դրանց գործառույթները, լիազորություններն ու նրանց գործունեության իրավական հիմքերը: Ա. Մոսիյանը խոսել է դասախազության աշխատակարգի մասին` մանրամասնելով իրավական մի շարք ակտեր, որոնք ընկած են դրա գործունեության հիմքում: Այս առումով նա առանձնացրել է կոռուպցիոն, սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով բաժին:
Հանդիպման ընթացքում Ա. Մոսիյանը պատասխանել է ներկաներ հարցերին, որոնք վերաբերում էին կոռուպցիոն ռիսկերին և «Կոռուպցիոն հանցագործությունների մասին» օրենքին, հասարակական կարգի պահպանմանը, դրա խախտման դեմ պայքարի միջոցներին, քրեական դատավարության օրենքի նախագծին և այլն:
Հարցին, թե դատախազության որ ուղղություններն է գլխավոր դատախազը համարում կայացած և որոնք կատարելագործվելու կարիք ունեն, Ա. Մոսիյանը պատասխանել է. «Այն, որ դատախազության բոլոր օղակները ճիշտ և ժամանակին կարողանում են կատարել իրենց առջև դրված խնդիրը, փաստ է: Այլ բան է` ինչպես: Սակայն եթե ասեմ, որ դասախազությունը կատարելագործման կարիք ունի, սխալված չեմ լինի, քանի որ արդարադատությունը այն գործընթացն է, որ մշտապես զարգացում և աճ է պահանջում»:
Վերջում դատախազը ապագա իրավաբաններին հորդորել է հնարավորինս խորությամբ տիրապետել մասնագիտության նրբություններին, և դրանք կրիրառել ոչ միայն ապագա աշխատավայրում, այլ` նաև հասարակության իրավագիտակցության բարձրացման համար: