ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ԷԻՆ, ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐԸ` ԱՐԴԱՐԱՑՎԱԾ

23.12

2015

tumo timo

Ստեփանակերտի Թումո Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոնում նոյեմբերի 16-ից 27-ը տեղի ունեցան լուսանկարչության հատուկ դասընթացներ:

Դասընթացները անցկացնելու համար Արցախ էր եկել իտալացի ռազմական եւ պատերազմական լուսանկարիչ Պիեր Պաոլո Չիտոն: Մինչ Պիեր Պաոլո Չիտոյի հիմնական դասընթացները, ուսանողները մասնակցեցին նախնական դասընթացի, որը վարում էր Երևանի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի լուսանկարիչ Սամվել Բերքիբեկյանը: Այս դասընթացը կազմակերպվել էր նոյեմբերի 9-ից 13-ը: Դասընթացի ընթացքում ուսանողները ծանոթացել են տեսախցիկի օգտագործման կանոններին, ապա կատարել նկարահանումներ Ստեփանակերտ քաղաքի տարբեր փողոցներում, ճարտարապետական շինություններում: Համապատասխան լուսանկարներն ուսանողները ուղարկել են Երևանում գործող Թումո կենտորն, որտեղ և ընտրվել են հաջորդ փուլ անցած ուսանողները:

Իտալացի լուսանկարիչ Պիեր Պաոլո Չիտոյի հետ ուսանողները երկու շաբաթվա ընթացքում պատրաստեցին ֆոտոպատմություն: Սկզբից թեմաներ առաջարկվեցին, ապա սկսեցին նկարահանումներ կատարել: Երբ աշխատանքներն արդեն  պատրաստ էին, Ստեփանակերտի Թումո կենտրոնում տեղի ունեցավ դրանց շնորհանդեսը, որին ներկա էին Արցախցի ֆոտոլրագրողներ եւ հյուրեր:

Պիեր Պաոլո Չիտոն շնորհանդեսի ժամանակ ասաց, որփորձել է անել առավելագույնը, որպեսզի կարողանա իր գիտելիքները փոխանցել երիտասարդներին: Նա նաև նշեց, որ երիտասարդները ունեին ամենատարբեր մտահղացումներ. ցույց տալ ծերանոցի կյանքը, դպրոցի եւ մանկապարտեզի առօրյան, ժենգյալով հացի պատրաստման ընթացքը, դիմահարդարում եւ վարսահարդարում, ժամագործի եւ կոշկակարի առօրյան, գինու պատրաստում, գյուղի կյանքը, մեկ օր Ստեփանակերտում և այլն:

ԱրՊՀ ուսանող Լիլիթ Բաբայանը մեկն էր նրանցից, ով մասնակցում էր այդ դասընթացներին: Իր ֆոտոպատմության մեջ Լիլիթը փորձել է ցույց տալ Արցախի հոգեւոր կյանքը, գործող եկեղեցիները: «Ֆոտոպատմությունը նկարահանելու ամբողջ ընթացքում ես դժվարությունների չեմ հանդիպել, քանի որ ամեն անգամ հիշել եմ Պաոլոյի խորհուրդները եւ կատարել լուսանկարները: Արդյունքում 7-10 նկարներով ֆոտոպատմություն է ստեղծվել»,- նշում է Լիլիթը:

Ստեփանակերտի Թումո Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոնի տնօրեն Վիգեն Բալայանի խոսքով առաջին դասընթացի արդյունքները գոհացուցիչ էին: Եվ սա հիմք է նոր դասընթացներ կազմակերպելու համար: Այժմ Թումոյում սկսվել է նոր դասընթաց, որի ընթացքում ուսանողները կտիրապետեն ֆիլմերի պատրաստման նրբություններն: Այս անգամ ուսանողները սովորելու են մոնտաժ եւ պատրաստելու են տեսասյուժեներ:

Ստեփանակերտի Թումո Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոնն, ի դեպ, բացվել է ընթացիկ տարվա սեպտեմբերին:  Թումո հաճախող ուսանողները ուսումնասիրում են չորս հիմնական ոլորտներ ` կայքերի ստեղծում, ֆիլմերի պատրաստում, խաղերի ստեղծում եւ անիմացիա: Թումո կենտրոն կարող են հաճախել 12-18 տարեկան ուսանողներ:

Անի Ավանեսյան

Լրագրություն 2

 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ