Փորձուսուցումը համարվում է մասնագիտական կրթության բաղկացուցիչ մասերից մեկը: Այն հնարավորություն է տալիս անմիջական կապ ստեղծելու ուսանողի տեսական պատրաստվածության և նրա ապագա մասնագիտական գործունեության միջև:
Նպատակ ունենալով աջակցել ուսանողին` Արցախի պետական համալսարանը սահմանում է փորձուսուցման բոլոր տեսակների` ուսումնական (մանկավարժական), արտադրական, նախադիպլոմային, կազմակերպում և իրականացում` ստացած գիտելիքների հիման վրա ձևավորելով աշխատանքային կարողություններ և մասնագիտական հմտություններ:
Ուսանողների մանկավարժական պրակտիկայի կազմակերպումն իրականացվում է համապատասխան կրթագիտական հաստատություններում, որտեղ յուրաքանչյուր ուսանողի կցվում է առանձին ղեկավար, ում անմիջական վերահսկողությամբ էլ իրականացվում է փորձուսուցումը:
Մանկավարժական պրակտիկայի կազմակերպումը դիտելով իբրև մասնագետների պատրաստման կարևորագույն բաղադրիչ` նեյեմբերի 9-ից դեկտեմբերի 5-ը ընկած ժամանակահատվածում Ստեփանակերտի համար 1,2,7,10 հիմնական դպրոցներում և երկու մանկապարտեզներում կազմակերպվել է նախատեսված չափորոշիչներով մանկավարժական փորձուսուցում:
Յուրացված տեսական գիտելիքների ամրապնդմանը, ուսումնառության ընթացքում ձեռք բերված հմտությունների և կարողությունների կիրռառմանն ուղղված գործընթացին ընթացիկ ուսումնական տարվա առաջին կիսամյակում մասնակցել են մոտ 170 ուսանող` հետևյալ մասնագիտությունների գծով` մանկավարժություն և մեթոդիկա, կերպարվեստ, ՆԶՊ, պատմություն, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն:
Փորձուսուցման 3-4 շաբաթների ընթացքում ուսանողները հասցրել են ոչ միայն լավագույնս դրսևորվել իբրև մասնագետներ, այլ նաև` որպես մանկավարժներ և հոգեբաններ: Վերջիններիս կողմից համապատասխան խմբերի հետ կազմակերպվել են բաց դասեր, ինտելեկտուալ խաղեր, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ: