Արցախի պետական համալսարան

banak1 banak

Դեկտեմբերի 22-ին ԱրՊՀ նախազորակոչային տարիքի և պարտադիր ժամկետային զինծառայություն անցած ուսանողների հետ հանդիպում են ունեցել ԼՂՀ զինվորական կոմիսարն ու ՊԲ ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետը:

Ողջունելով հյուրերին՝ ԱրՊՀ պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը ներկայացրել է նման ձևաչափով հանդիպումների նպատակը. «Նման հանդիումներն ուղղված են նախազորակոչային տարիքի ուսանողներին պարտադիր զինվորական ծառայությանը նախապատրաստելուն, նրանց շրջանում սահմանադրական պարտքի կատարման առումով իրավագիտակցության բարձրացմանը»:

Մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին պարբերաբար կազմակերպվող հանդիպումների համար և անդրադարձել բանակ-հասարակություն կապի շրջանակներում իրականացվող փոխշահավետ հանդիպումների անհրաժեշտությունը՝ հատկապես ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում:

ԼՂՀ ՊԲ ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կազմակերությունների հետ կապերի բաժնի պետ Բարեղամ Մուրադյանը պաշտպանության բանակի անունից շնորհակալություն է հայտնել ԱրՊՀ ղեկավարությանը հայրենասեր ու պատասխանատու քաղաքացիներ և անձնվեր զինվորներ դաստիարակելու համար: Բ. Մուրադյանը ԼՂՀ ՊԲ նախարար Լևոն Մնացականյանի հրամանով արժեքավոր նվերներ և գրքեր է հանձնել ՆԶՊ ամբիոնին կից գործող «Դիպուկ հրաձիգ» խմբակի շրջանակներում անցկացված հրաձգության մրցույթում մրցանակային տեղեր գրաված տղաներին և աղջիկներին:

Պարտադիր զինծառայություն անցած և ԱրՊՀ ուսանողական շարքերը համալրած մի խումբ ուսանողներ ԱրՊՀ ղեկավարության կողմից պարգևատրվել են պատվոգրերով և շնորհակալագրերով:

ԼՂՀ զինվորական կոմիսար Ստեփան Օհանջանյանը ելույթի իր խոսքում ներկաների ուշադրությունը հրավիրել է «Զինապարտության մասին» օրենքի առանձին դրույթներին: «Սույն օրենքը կարգավորում է ԼՂՀ քաղաքացիների զինվորական հաշվառումը, զինվորական ծառայության նախապատրաստությունը, զորակոչը, զինվորական ծառայությունը, պահեստազորում պատրաստությունը կազմակերպելու և անցկացնելու հետ կապված հարաբերությունները»,- նշել է զինկոմիսարը: Ս. Օհանջանյանը նաև պատասխանել է ներկաների հարցերին: