Արցախի պետական համալսարան

Դեկտեմբրի 22-ին ԱրՊՀ իրավունքի ամբիոնի դասախոս, ԼՂՀ վերաքննիչ դատարանի դատավոր Հասմիկ Խաչատրյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ուսանողական գիտաժողով` նվիրված ԼՂՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության իրականացման գործընթացին:

Գիտաժողովին ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, գերագույն դատարանի նախագահ Նարինե Նարիմանյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, դատավորներ, դասախոսներ, ուսանողներ:

Բացելով գիտաժողովը` Մանուշ Մինասյանը ողջունեց ուսանողական ընթերցումների գաղափարը և կարևորեց այն ոչ միայն հասարակության իրավագիտակցության բարձրացման տեսանկյունից, այլ` նաև ուսանողների շրջանում վերլուծական կարողություններ զարգացնելու:

«Որպեսզի երիտասարդները ի վիճակի լինեն կառուցել մարդու իրավունքների վրա հիմնված հասարակություն, նրանց համար պետք է հասնակալի լինեն այն մեխանիզմները, որոնց միջոցով այդ իրավունքներն իմաստալից են դառնում, մասնավորապես այն միջազգային պայմանագիրը, որի համաձայն Եվրոպայի խորհրդի անդամ պետությունները հանձն են առել պահպանել մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան»,- Հ. Խաչատրյանը պարզաբանել է գիտաժողովի նպատակը:

Գիտաժողովի ընթացքում ուսանողները հանդես են եկել զեկույցներով, որոնցում անդրադարձել են Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիային, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և մարդու իրավունքներին առնչվող մի շարք այլ իրավաբանական փաստաթղթերի, ինչպես նաև համամետել դրանց դրույթները ԼՂՀ սահմանադրության հետ: Ուսումնասիրությունների արդյունքում ուսանողները եկել են այն եզրակացության, որ երկրի մայր օրենքի առանձին հոդվածներում տեղ են գտել վերոհիշյալ փաստաթղթերի գրեթե բոլոր դրույթները, ինչը խոսում է այն մասին, որ, չնայած Արցախը դե յուրե ճանաչված չէ և միջազգային պարտավորություններ չունի, այնուամենայնիվ քայլում է միջազգային արժեքներին համաքայլ:

Հետաքրքրական էին ուսանողների դիտարկումները մահապատժի` իբրև առանձնակի ծանր հանցագործությունների դեպքում պատժամիջոցի վերաբերյալ: Իրավագիտության բաժնի ուսանող Հովհաննես Աբրահամյանի կարծիքով մահապատիժը որպես պատժամիջոց կիրառելը անընդունելի է այն պատճառով, որ, համաձայն Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, դատապարտյալն իրավունք ունի դատավճռի կարճման, մեղմացման կամ վերանայման հայց ներկայացնել: Այսինքն` այդ երկուսը հակասում են միմյանց:

Հակառակ կարծիքն արտահայտող զեկույց է ր պատրաստել Մարիամ  Սողոմոնյանը: Ուսանողուհին իր կարծիքը հիմնավորում է նրանով, որ մահապատիժը կիրառելի է առանձնահատուկ, այսինքն` առանձնակի ծանր հանցագործությունների դեպքում:

Կանանց իրավունքներն ու դրանց պաշտպանությունը, ըստ ուսանողների, ևս պատշաճ մակարդակի վրա է, նույնիսկ` առանձին դեպքերում հավասարվում է միջազգային նորմերին, ինչը խոսում է հանրապետությունում գենդերային հասարության մասին:

ԼՂՀ արդարադատության նախարար Ա. Դանիելյանն ու գերագույն դատարանի նախագահ Ն. Նարիմանյանը կարևորել են ուսանողական գիտաժողովների դերը, հատկապես` երբ քննարկվում են համամարդկային արժեքներին առնչվող խնդիրներ:

Ա. Դանիելյանը պատահական չհամարեց, որ ԼՂՀ Սահմանադրության մեջ ամրագրված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթները: «Դա ժողովրդավարական պետություն կառուցելու և միջազգային ճանաչման հասնելու լավագույն դրսևորումներց է»,- ասել է նա:

Ազգային ժողովի նախագահ Ա. Ղուլյանի կածիքով, հատկապես իրավաբանների պարագայում կարևոր է մասնագիտական պատրաստվածությունն ու ասելիքի հիմնավորվածությունը: «Ողջունելի այն, որ զուգահեռներ անցկացվեցին առաջատար երկրների և Արցախի նույնանուն իրավական ակտերի միջև: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր միջազգայնորեն չճանաչված լինելը չի խոսում այն մասին, որ մենք հեռու ենք քաղաքակիրթ աշխարհից և նրա սահմանած նորմերից, այլ` ընդհակառակը»,- նշել է օրենսդիրը: