ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԲԱԺԻՆԸ ՏՈՆՈՒՄ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 17-ԱՄՅԱԿԸ

24.12

2015

Դեկտեմբերի 22-ին ԱրՊՀ լրագրության բաժնի հիմնադրման 17-ամյակի կապակցությամբ գրականության և լրագրության ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Շուշան Ասկարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր ուսանողական գիտական ընթերցումներ:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի փոխնախարար Արմեն Սարգսյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը, ԱԺ պատգամավոր Վարդգես Բաղրյանը, Ժուռնալիստների միության նախագահ Կիմ Գաբրիելյանը, դասախոսներ, ուսանողներ:

Միջոցառման սկզբում Շ. Ասկարյանը ներկայացրել է բաժնի անցած ուղին, հաղթահարած դժվարությունները, ունեցածն ու ձեռքբերումները, դասախոսական և ուսանողական կազմի անունից երախտագիտություն հայտնել բաժնի հիմնադրման ակունքներում կանգնածներին: Իսկ այդպիսիք քիչ են. Պավել Գևորգյան, Ստեփան Դադայան, Սոկրատ Խանյան, Արմեն Սարգսյան, Հովիկ Մուսայելյան: Նրանց սկսածն այսօր շարունակում է բուհի և ֆակուլտետի ներկայիս ղեկավարությունը:

«Բաժնի շրջանավարտներն այսօր հաջողությամբ աշխատում են ԼՂՀ, ՀՀ և արտասահմանյան առաջատար տպագիր, էլեկտրոնային և առցանց լրատվամիջոցներում, ինչպես նաև պետական գերատեսչություններում»,- նշել է Շ. Ասկարյանը:

Իբրև բաժնի վերջին տարիների ձեռքբերում, Շ. Ասկարյանը առանձնացրել է հեռուստաստուդիայի բացումն ու 2013-2014 ուսումնական տարում ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանի նախաձեռնությամբ ռեժիսորական և օպերատորական վարպետության դասերի կազմակերպումը, որի արդյունքում լրագրության բաժնի ուսանողներին հնարավորություն է ընձեռվել ուսումնառության տարիներին ստացած տեսական գիտելիքները լրացնել գործնական պարապմունքներով:

Պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, ով կանգնած էր բաժնի հիմնադրման ակունքներում, իր ելույթում անդրադարձել է լրագրության բաժնի անցած ուղուն, հիշել ունեցած կադրային և տեխնիկական դժվարությունները, դրանց հաղթահարմանն ուղղված բոլորի համատեղ ջանքերը:

Միջոցառման ընթացքում ուսանողները հանդես են եկել զեկույցներով, որոնցում անդրադարձել էին Արցախի տպագիր և էլեկտրոնային մամուլին, բլոգներին, հայկական և ադրբեջանական համացանցային տիրույթներում տեղի ունեցող տեղեկատվական պատերազմներին` որպես քաղաքացիական լրագրության տեսակ, հակահայկական մշակույթի քարոզչությունը ադրբեջանական առցանց լրատվամիջոցներում, ԶԼՄ-ների դերին ազգային անվտանգության ռազմավարությունում և այլն:

Վաստակավոր լրագրող Վ. Բաղրյանը, անդրադառնալով լրագրության մասնագիտության կարևորությանը, մասնագիտական արժեքավոր խորհուրդներ է տվել ուսանողներին. «Գրեք, ինչ մտածում եք: Մտածեք, ինչ գրում եք»: Վ. Բաղրյանը խոսել է նաև բաժնի շրջանավարտների մասնագիտական կարողությունների մասին՝ նշելով, որ չնայած այսօր նրանցից շատերը համալրել են ԶԼՄ-ների շարքերը, այնուամենայնիվ, լրագրող-մասնագետների պակասը շարունակում է օրակարգային մնալ:

Կրթության, գիտության և սպորտի նախարարության անունից շնորհավորելով լրագրության բաժնի դասախոսներին և ուսանողներին՝ Ա. Սարգսյանը նշել է, որ լրագրություն մասնագիտությունը շարունակում է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում: Այդ են փաստում Արցախի ուսանողներին հայաստանյան առաջատար բուհերում ուսումը շարունակելու լայն հնարավորությունների ընձեռումը:

Լրագրության բաժինը շրջանավարտների առաջին թողարկումը կազմակերպել է 2002 թվականին (թվով 13 շրջանավարտ):