ՃԱՆԱՉՎԱԾ ԹՈՒՐՔԱԳԵՏԸ ԱրՊՀ-ՈՒՄ

29.12

2015

SAM 5800  SAM 5772  SAM 5788

 

Դեկտեմբերի 25-ին «Սոցիալական արդարություն» կուսակցության ղեկավար Կարեն Օհանջանյանի նախաձեռնությամբ ԱրՊՀ մի խումբ դասախոսների և ուսանողների հետ հանդիպում է ունեցել պ.գ.դ., ակադեմիայի թղթակից անդամ, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը,  «Սոցիալական արդարություն» կուսակցության ղեկավար Կարեն Օհանջանյանը, հյուրեր:

Բացելով հանդիպումը` ԱրՊՀ ռեկտոր Մ. Մինասյանը շնորհակալություն է հայտնել Կ. Օհանջանյանին նախաձեռնության համար և հույս հայտնել, որ այդպիսիք շարունակական կլինեն:

Ռուբեն Սաֆրաստյանը հանդես է եկել դասախոսությամբ, որի շրջանակներում անդրադարձել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը,  հայ-թուրքական արձանագրություններին, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին, Իսլամական պետությանը և այլն:

Խոսելով ժամանակակից Թուրքիայի աշխարհաքաղաքական մտածողության մասին` թուրքագետը ներկայացրել է թուրքական դիվանագիտության առանցքային ուղղությունները, վարչապետ Ռ. Էրդողանի վարած քաղաքականությունը, վերջինիս կողմից մշակված դիվանագիտական կարգախոսը, Թուրքիայի աշխարհագրական դիրքը և այլն:

Զուգադրելով երկու եղբայրական երկրների` Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական մարտավարությունը` Սաֆրաստյանը Թուրքիան համեմատել է միջնադարյան ամրոցի հետ. այն շրջապատված է մի կողմից լեռներով, մյուս կողմից` ջրային տարածությամբ և երրորդ կողմից` տափաստանային ու իշխող դիրք ունի հարակից տարածքների նկատմամբ: Ադրբեջանը, չնայած ոչ բարեհաջող աշխարհագրական դիրքին, Թուրքիայի նկատմամբ գերիշխող է  նավթի և գազի պաշարներով, որը հաճախ է վիճաբանությունների տեղիք տալիս եղբայր ժողովուրդների միջև:

Պատմաբանը անդրադարձել է նաև Էրդողանի` որպես քաղաքական գործչի կերպարին: Սաֆրաստյանը Էրդողանին բնութագրել է որպես անկանխատեսելի քաղաքական գործչի, ով հաճախ է վրիպում ամբիցիոզ բնավորության և անհեռանկար հավակնությունների շնորհիվ: Այնուամենայնիվ, բանախոսը չի ժխտել, որ վերջինիս քաղաքական դաշտ մտնելուց հետո Թուրքիայի հատկապես ներքին կյանքը բավականին աշխուժացել է: Նույնը չի կարելի  ասել, սակայն, արտաքին կյանքի մասին: «Թուրքիայում նկատում ենք զարգացող տնտեսություն, բանկային լուրջ համակարգ և այլն, սակայն, որպես այդպիսին, Թուրքիան արտաքին հարաբերություններում հեղինակություն չվայելող երկիր է»,- նշել է Ռ. Սաֆրաստյանը:

Խոսելով Հայաստանի նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականության և հայ-թուրքական հարաբերությունների մասին` Ռ. Սաֆրաստյանն առաջին հերթին նշել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի դրսևորած ժխտողական քաղաքականությունը: Թուրքագետն այն կարծիքին է, թե առաջիկայում Թուրքիայի կողմից ցեղասպանության ընդունման վերաբերյալ դրական տեղաշարժեր ակնկալելը միամտություն կարող է լինել: «Այսօրվա թուրքական քաղաքական էլիտան այն համոզմունքն ունի, որ Հայոց ցեղասպանության ճանաչման դեպքում թուրքը կդիտվի որպես ցեղասպան ժողովուրդ, ինչի համար այսօրվա ղեկավար մարմինները կդատապարտվեն սերունդների կողմից: Իսկ սա նշանակում է, որ չկա ռացիոնալ մոտեցում»,- ասել է նա:

Եթե ժամանակ առաջ թուրքիան ոչ մի կերպ չէր արձագանքում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ կոչերին, ապա այսօր նա բացահայտ լկտիություն է դրսևորում այդ կապակցությամբ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին թուրքական իշխանությունները որոշում են նշել Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը` տոնակատարություններին մասնակցելու հրավիրելով աշխարհի առաջնորդներին, այդ թվում` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչը որակել կարելի է ոչ այլ կերպ, քան սանդրանք: Ըստ այդմ, Սաֆրաստյանը եզրակացնում է. «Հայ-թուրքական հարաբերությունների հարթման համար հիմքեր չկան, և դա այն պատճառով, որ Թուրքիան պատրաստ չէ զիջումների գնալ»:

Ռ. Սաֆրաստյանը դասախոսության շրջանակներում անդրադարձել է նաև Իսլամական պետությանը, պարզաբանումներ արել դրա կազմավորման, զարգացման և հետագա քայլերի վերաբերյալ:

Դասախոսությունից հետո Ռ. Սաֆրաստյանը պատասխանել է ներկաների հարցերին, ծավալվել է քննարկում: