ՀՈՒՆՎԱՐԻ 28-Ը` ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐ

28.01

2016

SAM 6016   SAM 6022

     Հունվարի 28-ին հայոց բանակի կազմավորման կապակցությամբ ԱրՊՀ-ում կազմակերպվել էր արիության դաս, որը վարում էր ԼՂՀ ՊԲ անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժնի պետ, գնդապետ Նորայր Մկրտչյանը:

     Տոն օրերի կապակցությամբ ավանդական դարձած հանդիպումների նպատակը, ինչպես նշել է, Ն. Մկրտչյանը, բանակաշինության և բանակի առջև դրված խնդիրների վերաբերյալ անկեղծ զրույցներն են երիտասարդության հետ:

     Ն. Մկրտչյանը նախ ներկաների ուշադրությունը հրավիրեց հայոց բանակի կազմավորման անհրաժեշտությանը, ստեղծման պատմական հիմքերին և ներկայիս դերակատարությանը:

Հայոց բանակի ստեղծումն ու կազմավորումը անքակտելիորեն կապված են հայոց պետականության ստեղծման հետ, քանզի պետություն և բանակ հասկացությունները պայմանավորում են միմյանց և մեկի գոյությունն առանց մյուսի դժվար է պատկերացնել: Այս երկուսի սկիզբը մեր դեպքում եղավ 1988 թվականի սկիզբը:

    Ն. Մկրտչյանը ներկայացրել է բանակի կազմավորման և զարգացման ճանապարհը` այն բաժանելով երեք փուլի` 1988-1992 թթ., երբ ղարաբաղա-արդրբեջանական հարաբերությունների ծայրաստիճան լարման կիզակետում դրվեց բանակ ունենալու անհրաժեշտությունը, 1992-1994թթ., երբ հայ ժողովուրդը պայքարում էր Ղարաբաղի անկախության և ազատության համար, 1994թ.-ից առայսօր, երբ աշխատանքներ են իրականացվում բանակաշինության կայուն զարգացման, զինտեխնիկայի ձեռքբերման, այսինքն` կայացած և մարտունակ զինված ուժեր ունենալու ուղղությամբ:

   Բանախոսության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև վերջին շրջանում հակառակորդի կողմի սահմանի ողջ երկայնքով ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողություններին, դրանց կանխարգելմանն ու տրված հակահարվածներին, Ադրբեջանի հակահայկական քարոզչությանն ու ԵԽԽՎ նիստում  հակահայկական երկու բանաձևերի ընդունմանը:

 

   «Սահմանների վերաձևման յուրաքանչյուր փորձի ապավենը ոչ թե միջազգային իրավունքի կանխման նորմերն են  կամ համապատասխան կառույցները, այլև մեր ժողովրդի ներուժի ճիշտ օգտագործումն է»,- նշել է բանախոսը:

    Վերջում ներկաների միջև ծավալվել է քննարկում: