ՄԱՅՐ ԲՈՒՀՈՒՄ ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԱՆՑԱԾ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

21.01

2016

 

12607109 1266778240006027 180789155 n 1    12607289 1266778266672691 1858329218 n

Հունվարի 21-ին տեղի է ունեցել Արցախի պետական համալսարանի խորհրդի նիստ, որին հրավիրված էին համալսարանի գիտական խորհրդի անդամները, պրոֆեսորադասախոսական կազմը և ուսանողության ակտիվը:

 

Նիստը վարում էր ԱրՊՀ խորհրդի նախագահ, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը
Նիստի աշխատանքներին ներկա էին ԼՂՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, պաշտոնատար այլ անձինք, համալսարանականներ:

Ներկաները լսել են ռեկտոր Մանուշ Մինասյանի հաշվետվությունը` 2014-2015 ուսումնական տարում իրականացված աշխատանքների մասին:

Ներկայացնելով 2014-15 ուստարում կատարած աշախատանքները` ռեկորը նշել է, որ համալսարանը շարունակել է խթանել ուսանողների, դասախոսների մտավոր և անձնային որակների զարգացումը` իր նպաստը բերելով հանրության տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքի բարեկեցության  բարձրացմանը:

Ըստ Մ. Մինասյանի, Հաշվետու ժամանակաշրջանում ԱրՊՀ-ն մասնագետներ է պատրաստել 32 մասնագիտությունների գծով, 8 ֆակուլտետի, 23 ամբիոնի միջոցով, որտեղ դասավանդել են  196 հիմնական դասախոս, որից 18 պրոֆեսոր, 70 դոցենտ, 58 ավագ դասախոս, 35 դասախոս:

«2014-2015 ուս.տարում որոշակի աշխատանքներ է իրականացրել ժամանակակից պահանջներին համապատասխան ճկուն ուսումնական ծրագրեր և  մասնագիտություններ ունենալու ուղղությամբ: Մշակվել են նոր մասնագիտությունների ուսումնական պլանները, անհրաժեշտ փոփոխություններ կատարվել գործող պլաններում: Մասնագիտությունների ցանկի վերաբերյալ համալսարանի առաջարկությունների հիմքում դրվել են  պետական քաղաքականության առաջնահերթությունները, աշխատաշուկայի ուսումնասիրության արդյունքները, դիմորդների նախասիրությունները և համալսարանի իրական հնարավորությունները»,- նշել է ռեկտորը:

Խոսելով համասարանում ծավալված գիտական գործունեության մասին` բուհի ղեկավարը նշել է, որ այս բնագավառում համալսարանի հիմնական նպատակը շարունակում է մնալ նրա գիտական ներուժի ուղղորդումը տնտեսության  զարգացման և հասարակության բարեկեցության բարձրացմանը, դասախոսների ներգրավումը հետազոտական աշխատանքներում: Այս առումով, սակայն, հաջողությունները քիչ են:

Փոխարենը համագործակցության առումով առաջընթացը շոշոփելի է. մայր բուհն, ընդհանուր առմամբ, համագործակցային պայմանագրեր ունի շուրջ 25 բուհերի հետ: Հաշվոտու ուսումնականում հետևողականորեն առաջ է տարվել եվրոպական կրթական դաշտին ներգրավվելու քաղաքականությունը` զարգացնելով համագործակցությունը հեղինակավոր այնպիսի բուհերի հետ, ինչպիսիք են Լյովենի կաթոլիկ համալսարանը, Բասկերի Երկրի համալսարանը, Յագելոնյան համալսարանը, Տարտուի համալսարանը և այլն: Քննարկման փուլում է Ֆրեզնոյի պետական համալսարանի հետ գործակցության համաձայնագիրը:

«Բուհի գործակցությունը դրսևորվել է փոխադարձ այցելությունների, ուսումնամեթոդական նյութերի փոխանակման, նոր գրականության տրամադրման, դասախոսությունների վարման, գիտաժողովների և հոբելյանական այլ տարեդարձներին նվիրված միջոցառումներին ակտիվ  մասնակցության, ուսանողական կառույցների ակտիվ գործակցության, ամառային հանգստի կազմակերպման և այլ ձևերով»,- հավելել է Մ. Մինասյանը:

Չնայած ուսանողների հանդեպ պատասխանատվությունը, նրա  ուսումնագիտական  ձեռքբերումներին, բավարարվածությանն ու հաջողությանը  ԱրՊՀ  գործունեության առանցքային   հիմնադրույթներց է` այնուամենայնիվ, ռեկտորի խոսքով, ուսանողի մոտ հետազոտական ու ստեղծագործ աշխատանքի, քննադատական ու վերլուծական մտածողության  զարգացման  և ընդհանրապես նրանց նախաձեռնողականության զարգացման առումով անելիքներ դեռևս կան:

Արցախի պետական համալսարանի ղեկավարության գործունեության առանցքից դուրս չի մնացել նաև համալսարանականների սոցիալական վիճակի բարելավման հարցերը: Այս ուղղությամբ, ըստ ռեկտորի հաշվետվության, ևս իրականացվել են հետևողական աշխատանքներ:

Նիստի ընթացքում լսվել է նաև գլխավոր հաշվապահ Ն. Գիրգորյանի` ԱրՊՀ ՊՈԱԿ 2015 ֆինանսական տարվա արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը: