Արցախի պետական համալսարան

IMG 3355    IMG 3369

Փետրվարի 22-ին ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր միջոցառում` նվիրված մայրենիի օրվան:

Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ ԿԳՍ նախարար Սլավիկ Ասրյանը, փոխնախարար Արմեն Սարգսյանը, ԿԳՍ նախարարության Լեզվի Տեսչության Պետ Արտակ Ղուլյանը, պատգամավորներ, ոլորտի պատասխանատուներ, ուսուցիչներ, աշակերտներ, համալսարանականներ:

 1952թ.-ին Դաքայում ոստիկանների կրակոցներից սպանվեցին մի խումբ երիտասարդներ, ովքեր դուրս էին եկել բողոքելու ուրդուն միակ պետական լեզու ճանաչելու մասին կառավարության որոշման դեմ:Ի հիշատակ այդ պայքարի` 1999 թվականից  ՅՈՒՆԵՍԿՕ-ն նշում է Մայրենի լեզվի միջազգային օրը, իսկ 2008 թվականը հռչակել է Լեզուների միջազգային օր: Այս տոնն արդեն մի քանի տարի է, պետականորեն նշում ենք նաև մենք` հայերս. 2005 թվականին մեր երկրում փետրվարի 21-ը պաշտոնապես հռչակվել է Մայրենի լեզվի օր:

Շնորհավորանքի իր խոսքում ԼՂՀ ԿԳՍ փոխնախարար Արմեն Սարգսյանը կարևորել է մայրենիի դերը և հորդորել նրա պահպանության և պաշտպանության մասին չխոսել միայն մեկ օր, այլ` ամբողջ տարի, քանի որ հայը մշտապես մտահոգ է եղել լեզվական ինքնության պահպանմամբ: «Հայերիս համար մայրենին ի սկզբանե եղել է մեր անկախության, մեր գոյատևման գրավականը և այսօր շարունակում է մնալ այդպիսին»,- ասել է նա:

Խոսելով օրվա  խորհրդի մասին` Լեզվի տեսչության պետ Ա. Ղուլյանը պատահական չի համարում այն, որ հայոց լեզուն ընդգրկված է աշխարհի ամենաազդեցիկ 50 լեզուների շարքում, և դա այն դեպքում, երբ աշխարհում գոյություն ունի ավելի քան 6000 լեզու: Սակայն, ցավալի է արձանագրել, որ արևմտահայերենը հայտնվել է կարմիր գրքում:

«Սիրենք, փայփայենք ու զարգացնենք մեր լեզուն, պահանջկոտ գտնվենք ինքներս մեր հանդեպ` ամենօրյա հաղորդակցության մեջ, բանավոր և գրավոր խոսքում: Տուրք չտանք օտարաբանություններին, բառային ներթափանցումներին, օտար լեզվամտածողության դրսևորումներին և  ոչ հայեցի արտասանությամբ չմեղանչենք մայրենիի վեհության առջև»,- ասել է Ա. Ղուլյանը:

Տոնի կապակցությամբ մայրենի լեզուն անաղարտ պահելու գործում ունեցած ավանդի համար տեսչության կողմից պարգևատրվել են լրագրողներ, աշակերտներ, նաև ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Շողեր Մինասյանը:

Նույն ամբիոնի դոցենտ Շուշանիկ Սաղյանը իր ելույթում անդրադարձել է հայոց լեզվի` որպես հայի ինքնության պահպանման և մշտագոյության երաշխիքի և նրա անաղարտության հարցերին: Ըստ նրա, մայրենի լեզվի օրվա նշանավորումը միտում է «մեծարելու մարդկային արժեհամակարգի մի դրսևորում, որ համընդունելի է և ենթակա չէ արժեզրկման կամ արժեփոխման»:

Միջոցառման երկրորդ մասում ասմունքի, պարային և երաժշտական կատարումներով հանդես են եկել  ուսանողներ և աշակերտներ: