Արցախի պետական համալսարան

IMG 3493  IMG 3494 

Փետրվարի 26-ին ԱրՊՀ լրագրության բաժնի դասախոսների և ուսանողների հետ հանդիպում են ունեցել Արցախի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը և գլխավոր խմբագիր Արմինե Հայրիյանը:

6Հանդիպման բացման խոսքում ԱրՊՀ ռեկտոր Մանուշ Մինասյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար, կարևորել նման ձևաչափով հանդիպումները` երկուստեք արդյունավետ մասնագիտական քննարկումներ և զրույցներ կազմակերպելու առումով:

Ն. Գասպարյանը նախ համառոտ ներկայացրել է հանրային հեռուստատեսության հիմնադրման և կազմավորման պատմությունը, անդրադարձել հեռուստատեսային այսօրվա պահանջներին և առկա հնարավորություններին, ժանրային առանձնահատկություններին, ծրագրերին և այլն:

Խոսելով լրագրողի մասնագիտության մասին` վաստակավոր լրագրողն այն կարծիքին է, թե լրագրությունը չի կարող լինել ապրելու միջոց, «այն ապրելու ձև է, ապրելու փիլիսոփայություն»: Ըստ նրա, մեր պայմաններում լինել լրագրող` նշանակում է ճանաչել երկիրդ, երկրի բնակիչներին, կիսել նրանց հոգսերը, ապրել նրանց խնդիրներով: Այլ կերպ հնարավոր չէ  կայանալ:

Հանդիպումը երկխոսության ձևով անցկացնելու ցանկությամբ կարճ ներածականից հետո  Ն. Գասպարյանը ներկաներին առաջարկեց խոսել իրենց հուզող հարցերից, ներկայացնել առաջարկներ:

Ուսանողների հարցերն առավելապես վերաբերում էին հեռուստատեսային ոլորտում աշխատանք գտնելուն, հեռուստատեսությունում երկարաժամկետ փորձուսուցում անցնելուն, ինչպես նաև ազատ լրագրությանը, մասնագիտական կրթությանը, ներկայիս լրագրողին ներկայացվող պահանջներին և այլն:

Հարցին և մտահոգությանը, որ այսօր հեռուստատեսության հաստիքները համալրված են ոչ մասնագետներով, այնինչ լրագրության բաժնի շրջանավարտները աշխատանքի խնդիր ունեն, Ն. Գասպարյանը  արդարացված և միանշանակ չհամարեց: Խորհրդի նախագահը չժխտեց, որ հանրային հեռուստատեսությունում ոչ մասնագետները գերակշռում են, սակայն, ըստ նրա, լրագրողի որակավորում չունենալը դեռևս չի խոսում լրագրողական որակների բացակայության մասին, և հակառակը: «Լրագրող պետք է լինել ոչ թե մասնագիտությամբ, այլ` էությամբ»,- ասել է նա:

Ազատ լրագրության և ազատ խոսքի վերաբերյալ Ն. Գասպարյանի կարծիքը միանշանակ էր. «Ազատ լրագրությունը պետությանը սատարող լրագրությունն է, ազատ խոսքը` պետականամետ խոսքն է, որը չի կարելի շփոթել իշխանամետի հետ»:

Ոսանողներին` իբրև պոտենցիալ կադրերի, հետաքրքրում էին նաև հեռուստառադիոընկերության ղեկավարության`  իբրև գործատուի, պահանջները այս կամ այն հաստիքի համալրման քաղաքականության առումով: Պատասխանը կարճ էր և միանշանակ` «գրագիտություն, նվիրվածություն, արտաքին տեսք»:

Հանդիպման վերջում համագործակցության նախնական պայմանավորվածություն ձեռք բերվեց, որը ենթադրում է ոչ միայն դասախոսություններ և հանդիպումներ, այլև գործնական պարապունքներ: