ԱրՊՀ Գիտական խորհրդի փետրվարի 29-ի նիստում քննարկվել են ԱրՊՀ ՊՈԱԿ 2016-2017 ուսումնական տարվա վարձավճարների տարեկան չափերն ու օրակարգային այլ հարցեր:
Օրակարգային հարցերից առաջինը վերաբերում էր ԱրՊՀ 2016-2017 ուսումնական տարվա բակալավրիատի, մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման համակարգերի վարձավճարների տարեկան չափերին: Ռեկտոր Մանուշ Մինասյանը գիտխորհրդի անդամներին ներկայացրեց հաջորդ ուսումնական տարվա նոր մասնագիտություններն ու դրանց վարձավճարների տարեկան չափերը, նաև հստակեցվեցին արդեն գործող մասնագիտությունների վարձավճարները:
Վարձավճարների չափերն, ընդհանուր առմամբ, փոփոխությունների չեն ենթարկվել, սահմանվել են «Տեղեկտվական տեխնոլոգիաներ» և «Զբոսաշրջություն» մասնագիտությունների վարձավճարները, համապատասխանաբար` 300 և 350 հազար դրամ:
Նիստի ընթացքում գիտխորհուրդը հաստատել է նախկինում ընդունված մի քանի կարգերում կատարված փոփոխություները: Այսպես, «Ուսումնական աշխատանքների հաշվառման նորմեր»-ում հստակեցվել են ավարտական աշխատանքի, մագիստրոսական թեզի վերահանձման ժամանակ ղեկավարի վարձատրության հետ կապված áõë³ÝáÕÇ ֆինանսական պարտավորությունները: Համաձայն ընդունված կարգի, ավարտական աշխատանքի, մագիստրոսական թեզի վերահանձնման դեպքում շրջանավարտը կցվում է համապատասխան ամբիոնին և ստանում նոր թեմա: Վերահանձնման դեպքում ավարտական աշխատանքի ղեկավարը վարձատրվում է 20.000 դրամի չափով, իսկ մագիստրոսական թեզի ղեկավարը` 45.000 դրամի չափով:
Ըստ մեկ այլ կարգի, եթե ուսանողը 1-5 կիսամյակներում եզրափակիչ գնահատումով ավարտվող դասընթացից մինչև եզրափակիչ քննությունը հավաքել է 2-ից ցածր միավոր, ապա ուսանողին, իր դիմումի համաձայն, հնարավորություն է տրվում կրկնել տվյալ դասընթացը 2-6 կիսամյակներում (հաջորդ ուսումնական տարում համապատասխան կուրսի հետ, անհատական ծրագրով, հեռակա ուսուցման համակարգի ուսումնական պարապմունքների ժամանակ): Հակառակ դեպքում ուսանողը ներկայացվում է հեռացման ուսանողության շարքերից տվյալ կիսամյակի քննաշրջանից հետո: Ոչ ավարտական կուրսի առավելագույնը 12 կրեդիտ ակադեմիական պարտք ունեցող ուսանողներին իրավունք է վերապահվում մինչև ավարտական կուրսի ուսումնական տարվա սկիզբը լրացնելու առավելագույնը 12 կրեդիտ կազմող ակադեմիական պարտքերը, վճարովի հիմունքներով վերահանձնելով ստուգումները առարկաները կամ կրկնելով դասընթացը: ¸ասընթացների կրկնման համար ուսանողը պարտավոր է վճարել համապատասխան կրեդիտի դիմաց:
Նիստի ընթացքում լսվել են բնագիտական ֆակուլտետի աշխարհագրության, ֆիզիկայի, կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնների 2014-2015 ուսումնական տարվա հաշվետվություները, հաստատվել գիտխորհրդին կից գործող հանձնաժողովների տարեկան աշխատանքային պլանները:
Այլ հարցերի շրջանակներում գիտխորհուրդը երաշխավորել է ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Շուշանիկ Սաղյանի «Հայոց լեզվի պատմության» երրորդ հատորի տպագրությունը: