Արցախի պետական համալսարան

SAM 6169  SAM 6165

«Ապրել ու գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել,

և մեռնել միայն այն բանի համար, որի համար արժեր ապրել».

Գարեգին Նժդեհ

Մարտի 5-ին ԱրՊՀ հայագիտական կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվել էր նժդեհյան ընթերցոււմներ` նվիրված Գարեգին Նժդեհի ծննդյան 130-ամյակին:

Միջոցառմանը, որին  ներկա էին բուհի ղեկավարությունը, զինվորականներ, հյուրեր, բացման խոսքով հանդես է եկել գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը: Պրոռեկտորը կարևորել է նման միջոցառումների դերը ազգային մեծությունների ճանաչման գործում:

Ընթերցումների ժամանակ ԱրՊՀ մի խումբ դասախոսներ և ուսանողներ իրենց ելույթներում  ամբողջացրել են Գ. Նժդեհ-հայրենասերի, ռազմական գործչի, քաղաքագետի, հոգեբանի, փիլիսոփայի, մտավորականի կերպարը` անդրադառնալով ինչպես կենսագրությանը, այնպես էլ նրա դավանած հայացքներին ու գաղափարաբանությանը:

Հանդես գալով Գ. Նժդեհի մասին կենսագրական ակնարկով` պատմաիրավաբանական ֆակուլտետի դեկան Արմինե Առստամյանը նշել է, թե «մեր իրականությանը մի Նժդեհ է պակասում. նրա պես մի հեռատես ազգային գործիչ և գաղափարախոս »:

Գ. Նժդեհի մասին խոսելիս առաջին հերթին պատկերացնում ենք ռազմական գործչի, որի հայրենանվեր գործունեության արդյունքում Հայաստանր փրկվեց ոչ միայն աշխարհագրահագրական տարածքների կորստից, այլ նաև` հայաթափումից:  Անդրադառնալով Նժդեհի կերպարին` հ.գ.թ. Վիտյա Յարամիշյանը նշել է, թե միայն հոգեբանական առանձնահատուկ ունակություններով օժտված մարդը կարող էր ոչ միայն ճշգրիտ մարտավարություն մշակել, այլև այդ նույն մարտավարությունն ամենայն ճշգրտությամբ իրականացնել:

«Նա կարողացավ Վանի հյուծված բնակչությանը ինքնապաշտպանության կոչել, հուսալքված Սյունիքի պաշտպաններին մարտի առաջնորդել թուրք-թաթարական հրոսակների դեմ. այդպես կարող էր միայն հոգեկանի գաղտնիքներին խորությամբ տիրապետող անձնավորությունը»,- նշել է բանախոսը:

Զուգահեռներ անցկացնելով Նիցշեի և Նժդեհի առաջադրած գաղափարախոսությունների միջև` Վ. Յարամիշյանը նշել է, որ այդ երկու հսկաների աշխարհընկալման մեջ բարոյախոսության սկզբունքային նկատելի տարբերություններ կան. «Նիցշեի փիլիսոփայության առանցքը գերմարդն է, ով հանդես է գալիս իբրև նպատակ: Նժդեհի ուսմունքի հիմքը ցեղն է և ցեղամարդը` միջոց  Ցեղի համար»:

Գարեգին Նծդեհի` որպես ռազմական գործչի, ունակությունների և հմտությունների վերլուծությամբ հանդես է եկել մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը: Վերջինս կարևորել է Նժդեհի` ռազմարվեստին նվիրված աշխատությունների դերը ոչ միայն իր անցյալ դարի, այլև մեր ժամանակների մարտահրավերներին դիմակայելու առումով:

Ընթերցումներին մասնակցում էին նաև ուսանողներ, ովքեր ներկայացրեցին հայրենիքի և հայրենասիրության, կուսակցությունների և կուսակրոնության, ներքին և արտաքին թշնամու, մամուլի վերաբերյալ մեծ հայրենասերի, ազգասերի, ռազմական գործչի և քաղաքագետի հայացքներն ու խորհրդածությունները: