«ԻՆՉՊԵ՞Ս ՄՏԱԾԵԼ ՈՐՊԵՍ ՄԻԼԻՈՆԱՏԵՐ»

10.03

2016

IMG 3501  IMG 3504

 

Կառավարության կողմից ֆինանսավորվող «Ոչ ֆորմալ կրթության պետական ծրագրի» շրջանակներում մարտի 3-ին ԱրՊՀ-ում հյուրընկալվել էր  «Թեքնոլոջի ընդ սայընս դինամիքս» ընկերության նախագահ և գործադիր տնօրեն Վահան Շաքարյանը:

 

Տեխնոլոգիական ձեռնարկատիրության զարգացման ու առևտրային, ներդրումային փոխհարաբերությունների կարգավորման բնագավառում մասնագիտացած ընկերության ղեկավարը, ով ազգային 1 և միջազգային 9 մրցանակների դափնեկիր է, ուսանողների հետ կիսվել է հաջողության հասնելու իր փորձով ու գիտելիքներով:

Մոտ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում Վ. Շաքարյանը խոսել է սեփական բիզնեսի կազմակերպման և հիմնարար բիզնես-սկզբունքների մասին, հաջողության հասնելու խոհուրդներ տվել:

Բանախոսի կարծիքով` հաջողության հասնելու երեք տարբերակներից` գողություն, վիճակախաղ և բիզնես, ամենաիրականը բիզնեսն է, որն առաջին հերթին նշանակում է մտածել: Ըստ նրա` այսօր երիտասարդության մեծամասնությունը երազելը շփոթում է մտածելու հետ: Այս կապակցությամբ ՏՏ ոլորտի մասնագետը պատմեց բիզնեսում կատարած իր առաջին քայլերի մասին` անձնական օրինակով ապացուցելու, որ հաջողության գրավականը ոչ այլ ինչ է, եթե ոչ կազմակերպված միտքն ու համբերությունը: «Որակյալ գաղափարն ու պոտենցյալը ընդամենը հիմք են, այս երկուսը պետք է համադրել համերությամբ»,- ասել է նա:

Հաջող բիզնես-գաղափարից, ծրագրից, մասնագիտական կարողություններից և հմտություններից բացի, գործարարի կարծիքով, անհրաժեշտ է ունենալ հաղորդակցական ունակություններ. «Ցանկացած նախաձեռնություն կյանքի կոչելու համար անհրաժեշտ է  87,5% մարդկանց հետ շփվելու կարողություն և միայն 12,5% մասնագիտական հմտություն: Ահա հաջողության բանաձևը»:

Անդրադառնալով իր ղեկավարած ընկերության և Արցախի պետական համալսարանի համագործակցության հեռանկարներին` Վ. Շաքարյանը նշել է, որ ԼՂՀ կառավարության առաջարկով և նախագահի աջակցությամբ առաջիկայում ԱրՊՀ ուսանողներից և ոլորտի մի քանի մասնագետներից ձևավորված խումբը «Թեքնոլոջի ընդ սայընս դինամիքս» ընկերության հայաստանյան գրասենյակում փորձուսուցում կանցնի, որից հետո վերջիններս կներգրավվեն ռազմավարական նշանակության ծրագրերի ստեղծման մեջ: Պայմանավորվածություն կա նաև ԱրՊՀ համապատասխան մասնագիտությամբ ուսանողների փորձուսուցումն անցկացնելու «Թեքնոլոջի ընդ սայընս դինամիքս» ընկերությունում