Մարտի 14-ին ամփոփվել են ԱրՊՀ գիտական ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված «Եղիշե Չարենցի անվան ամենամյա բանաստեղծական մրցույթի» արդյունքները:
Մրցույթին մասնակցության հայտ ներկայացրած 27 մասնակիցները հանդիսատեսին և ժուրիի անդամներին ներկայացրեցին իրենց չափածո ստեղծագործությունները, որոնք ընդմիջվում էին չարենցյան ընթերցումներով: Ներկայացված բանաստեղծությունների թեմաները տարբեր էին, սակայն դրանց մեջ, ինչպես միշտ, գերակշռում էր սիրո և հայրենիքի թեման:
Մրցույթին ներկայացված ստեղծագործությունները պետք է գնահատվեին ժյուրիի կողմից մի քանի չափանիշներով. լեզու և կառուցվածք, ինքնատիպություն, նորույթ, ներքին ռիթմ: Ժյուրիի կազմում ընդգրկված էին բանաստեղծ Ռոբերտ Եսայանը, արձակագիր Համլետ Մարտիրոսյանը (Մարտիրոս Ոբն), լեզվաբաններ Հասմիկ Ղազարյանը և Շուշանիկ Սաղյանը:
Նախքան արդյունքների ամփոփումը` ժյուրիի անդամներն իրենց կարծիքն արտահայտեցին ինչպես մրցույթի, այնպես էլ առանձին հեղինակների ստեղծագործությունների վերաբերյալ` նշելով, որ նման մրցույթների կազամակերպումն առաջին հերթին կարևոր է երիտասարդ ստեղծագործողների ճանաչման համար և հաջողություններ մաղթեցին հետագա քայլերում:
Ռ. Եսայանը, ընդհանուր առմամբ ողջունելով մրցույթի կազմակերպման գաղափարը, նշել է, որ մրցույթին ներկայացված ոչ բոլոր ստեղծագործություններն էին բանաստեղծություն և ոչ բոլոր տողերն էին պոետական: Հաջողած բանաստեղծություններ, այնուամենայնիվ, կային: «Մրցույթի բոլոր մասնակիցներն էլ յուրովի ապացուցեցին, որ Արցախում ոչ միայն լավ երիտասարդություն է աճում, այլ նաև պոետական հետաքրքիր սերունդ»,- հավելել է բանաստեղծը:
Երիտասարդ ստեղծագործողները մասնագիտական խորհուրդներ ստանալու հնարավորություն ունեցան: Հ. Մարտիրոսյանը խորհուրդ տվեց հանուն բառի կամ հանգի չսպանել գաղափարը, բառի հանդեպ լինել խստապահանջ, ի վիճակի լինել ջնջելու այնքան, մինչև իսկական պոետական խոսք ստացվի, որի համար նվիրում է պետք:
Ժյուրիի գնահատականների և կարծիքների ամփոփման արդյունքում առաջին տեղ զբաղեցրեց Արմինե Բաղրյանի, երկրորդ տեղը` Արևիկ Լալայանի, երրորդ տեղը` Արտակ Բեգլարյանի ստեղծագործությունները: Մրցանակային տեղեր զբաղեցրած հեղինակները պարգևատրվեցին պատվոգրերով և գրքերով, իսկ առաջին տեղը զբաղեղրած մասնակիցը` նաև դրամական պարգևով: Պատվոգրերով պարգևատրվել են ևս յոթ հեղինակներ, որոնց ստեղծագործություններն արժանացել են ժյուրիի ուշադրությանը:
ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանի առաջարկով պարգևատրվածների ստեղծագործությունները կտպագրվեն ԳՄ «Եղիցի լույս» գրական պարբերականում: